Օմիկրոնը և դելտան կորոնավիրուսի դեպքերի ցունամի են առաջացնում․ ԱՀԿ ղեկավար
Կորոնավիրուսի դելտա և օմիկրոն տարբերակների համադրությունը քովիդի դեպքերի վտանգավոր ցունամի է առաջացնում։ BBC-ի փոխանցմամբ՝ այսպես է ներկայիս կորոնավիրուսային իրավիճակը գնահատել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը։
Բանն այն է, որ ԱՄՆ-ում և Եվրոպայում կորոնավիրուսի ռեկորդային նոր դեպքեր են արձանագրվում։ Ֆրանսիայում Եվրոպայի համար օրական դեպքերի հակառեկորդ է սահմանվել՝ 208 հազար դեպք 24 ժամում։ ԱՄՆ-ում վերջին շաբաթվա ընթացքում դեպքերի օրական միջին թիվը դարձյալ ռեկորդային է՝ ավելի քան 265 հազար։ Նույնպիսի իրավիճակ է նաև Դանիայում, Պորտուգալիայում, Մեծ Բրիտանիայում և Ավստրալիայում։
Ըստ ուսումնասիրությունների՝ օմիկրոնը, որը շատ երկրներում արդեն գերիշխող է դարձել, ավելի մեղմ ընթացք ունի, քան դելտան, սակայն շատ ավելի վարակիչ է։ Ընդ որում, Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտնել է, որ երկու շտամներն են ընդհանուր դեպքերի աճի պատճառը։
Աշխարհում օրական հայտնաբերվում է կորոնավիրուսի շուրջ 900 հազար դեպք։
Կորոնավիրուսի դեպքերի աճը կանգնեցնելու համար որոշ երկրներ սկսել են պատվաստանյութի երրորդ չափաբաժնի ներարկումը։ Ըստ ԱՀԿ-ի ղեկավարի՝ հարուստ երկրների կողմից բուստերային դեղաչափերի ներարկումը կարող է երկարաձգել համավարակը, քանի որ նրանք դա անում են աղքատ, ավելի քիչ պատվաստման տեմպեր ունեցող երկրներից պատվաստանյութերը վերցնելու հաշվին, ինչը վիրուսին «տարածվելու և մուտացվելու ավելի մեծ հնարավորություն է տալիս»։
Կարծիքներ