Արարատ Միրզոյանի վրա հարձակման գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանը դատապարտվել է 5,6 տարվա ազատազրկման
ՀՀ արտաքին գործերի նախարար, ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի վրա հարձակման գործով մեղադրյալներից Թորգոմ Ասատրյանը դատապարտվել է 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։
Նման որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը:
Մեղադրող դատախազն առավելագույն պատժաչափ էր պահանջել (7 տարի)՝ նշելով, որ Ասատրյանը հանցանքը կատարել է խմբի կազմում, առանձնակի դաժանությամբ և ռազմական դրության պայմաններում։
Թորգոմ Ասատրյանը անազատության մեջ է շուրջ 3 տարի. նա կալանավորվել է 2023թ․ փետրվարին՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի իրադարձություններից 2,5 տարի անց։
2020-ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության ստորագրումից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել էին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել էր կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այս խմբերի կողմից հարձակման էր ենթարկվել, նրան տեղափոխել էին հիվանդանոց։


Կարծիքներ