Թվային տեխնոլոգիաներն ու ԱԲ-ն օգտագործվում են որպես գործիք՝ լայնածավալ կեղծ լուրերի տարածման և ապատեղեկատվական արշավների իրականացման համար․ Միրզոյան

Թվային տեխնոլոգիաներն ու ԱԲ-ն օգտագործվում են որպես գործիք՝ լայնածավալ կեղծ լուրերի տարածման և ապատեղեկատվական արշավների իրականացման համար․ Միրզոյան

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է տեղեկատվության ամբողջականության և անկախ լրատվության վերաբերյալ բարձր մակարդակի միջազգային համաժողովի կլոր-սեղան քննարկմանը։

 

Քննարկումն անցկացվել է Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովի շրջանակներում, որն այս տարի մեկնարկել է  «Խաղաղության, մարդկանց և մոլորակի համար նոր կոալիցիաներ» խորագրի ներքո։

 

Նախարար Միրզոյան. «Մեր հանդիպումը տեղի է ունենում վճռական ժամանակահատվածում, երբ վստահելի տեղեկատվության հասանելիությունն ու անկախ լրատվությունն առանցքային դեր են խաղում ժողովրդավարական արժեքների առաջմղման գործում, սակայն, միաժամանակ թվային տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունն օգտագործվում են որպես գործիք՝ լայնածավալ կեղծ լուրերի տարածման և ապատեղեկատվական արշավների իրականացման համար։

 

Ինչպես այս ժամանակաշրջանում յուրաքանչյուր ժողովրդավարություն, Հայաստանն, իհարկե, նույնպես բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի։

 

Այս մարտահրավերներին հակազդելը դարձել է առօրյա աշխատանք։

 

Հենց այստեղ է ի հայտ գալիս բարդ երկընտրանքը և նուրբ սահմանագիծը՝ մի կողմից պաշտպանել խոսքի ազատությունն ու բազմակարծիք լրատվությունը, իսկ մյուս կողմից՝ վճռականորեն հակազդել այն  անբարեխիղճ դերակատարներին, որոնք փորձում են չարաշահել ազատությունը և խարխլել հասարակության ու մեր ժողովրդավարության նկատմամբ վստահությունը։ Մենք լիովին գիտակցում ենք, որ այդ փորձերը կավելանան, քանի որ Հայաստանը մոտենում է հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններին։

 

Այս իրավիճակում ո՞րն է բանալին։ Կարծում եմ՝ ժողովրդավարությունն ինքնին։ Հայաստանում ժողովրդավարությունը պաշտպանելու համար մենք պետք է ապավինենք հենց ժողովրդավարությանը և մեխանիզմներին, որոնք այն ընձեռում է։

 

Իհարկե, մենք միայնակ չենք կարող հաղթահարել այս մարտահրավերը։ Մենք կառուցել ենք և շարունակաբար աշխատում ենք համախոհ գործընկերությունների ընդլայնման ուղղությամբ, որոնք նպաստում են Հայաստանի դիմակայունությանը։

 

Գիտակցելով առողջ տեղեկատվական էկոհամակարգերի կարևորությունն աշխարհի յուրաքանչյուր անկյունում՝ Հայաստանն առաջնորդող դեր է ստանձնում «Տեղեկատվության և ժողովրդավարության գործընկերության» շրջանակներում»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում