Միջուկային անվտանգության ու պաշտպանության ամրապնդման համար ՀՀ-ին 5 մլն եվրո կհատկացվի. Խուդաթյան
Հայաստանին կհատկացվի 5 մլն եվրոյի չափով ֆինանսական աջակցություն, որը կուղղվի ՀՀ-ում միջուկային անվտանգությանն ու պաշտպանության ամրապնդմանը:
Այս մասին Կառավարության՝ հոկտեմբերի 30-ի նիստում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին» որոշման նախագիծը:
Համաձայնագիրը, ըստ նախարարի, 2024-ին ընդունված համաձայնագրի շարունակությունն է, որով Հայաստանին նշված նպատակի համար արդեն իսկ հատկացվել է 12,9 մլն եվրո՝ ուղղված ջրածնով պայմանավորված վթարների կառավարմանը և դրա ռիսկերի նվազեցմանը:
«2011 թվականի «Ֆուկուսիմա» ատոմակայանի վթարից հետո հաշվարկվել են գոյություն ունեցող ատոմակայանների ռիսկային խնդիրները, և ըստ դրա՝ կազմվել են սթրես թեստեր, թե հավանական վթարների դեպքում ինչ խնդիրներ կարող են առաջանալ, և հերթով այդ խնդիրների լուծման համար հատկացվում են միջոցներ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ՀՀ-ին հատկացված միջոցներով արդեն իսկ ձեռք են բերվել դիզելային գեներատորներ, որի կարիքը կլինի, եթե վթարի դեպքում սնուցվող համակարգը շարքից դուրս գա:
«5 մլն եվրո համաձայնագիրը վերաբերում է արդեն վթարի դեպքում առաջացած ջրածնին վերաբերմունք ցույց տալուն, որպես այդպիսին»,- ասաց նախարարը:
Գումարի մի մասով սարքավորում է ձեռք բերվելու, որն իրականացնում է ջրածնի այրում: Այն տրամադրվելու է ՀԱԷԿ-ին, մյուս մասով աջակցություն է ցուցաբերվելու Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին, որպեսզի եվրոպական փորձագետների հետ անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերի վերլուծություն իրականացվի:


Կարծիքներ