Ինչպե՞ս ճանաչել աշխատանքային թրաֆիկինգի ռիսկերը և խուսափել դրանցից․ ԱԱՏՄ հորդորը
Հուլիսի 30-ը Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Մարդկանց աշխատանքային շահագործման կանխարգելումն ամեն պետության պարտավորություններից է:
Այս համատեքստում՝ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ներգրավված է «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի կազմակերպման ՀՀ 2020-2022թ․թ․ ազգային ծրագիր»-ից բխող՝ վտանգի վերաբերյալ բնակչության իրազեկման աշխատանքներում։ Իսկ աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողությունն ԱԱՏՄ կանոնադրությամբ սահմանված լիազորություններից է:
Հարկադիր աշխատանքը կամ ծառայությունը եւս թրաֆիկինգի տեսակ է։ Ըստ որոշ տվյալների՝ մարդկանց թրաֆիքինգն աշխարհում առավել տարածված հանցագործությունների ցանկում երրորդն է։ Ամեն տարի Հայաստանում մի քանի տասնյակ անձի աշխատանքային շահագործման դեպք է գրանցվում։
ԱԱՏՄ-ն շեշտում է՝ մարդկանց աշխատանքային շահագործման ներգրավման գործընթացում թերեւս ամենամեծ դերն ունի համացանցը․ այն լայն հարթակ է կեղծ հայտարարությունների համար։ Աշխատանքի հրապուրիչ առաջարկներով հեշտ է կապ հաստատել պոտենցիալ զոհերի հետ՝ ներքաշելով թրաֆիքինգի գործընթացում։ Գրեթե բոլոր սոցիալական ցանցերում արձանագրվում են աշխատանքի կեղծ առաջարկներ, որոնց բնորոշ է․
Արտերկրում անհամաչափ բարձր վարձատրվող աշխատանքի առաջարկ,
Արտերկրում աշխատանքի թեկնածուին ներկայացվող սահմանափակ պահանջներ, օրինակ՝ աշխատանքային փորձի և/կամ լեզուների իմացության պահանջի բացակայություն,
Մեծ, անիրատեսական եկամուտ ստանալու հնարավորություն,
Շահագրգռող պայմաններ,
Համեմատաբար պարզ աշխատանքի դիմաց բարձր վարձատրություն,
Որոշ դեպքերում անվճար տեղափոխման և կացության ապահովման առաջարկ,
Հայտարարության տեքստում հաճախ բացակայում է աշխատանքի տեղավորման գործակալության հասցեն, իսկ կոնտակտային տվյալներից նշվում է միայն բջջային հեռախոսը կամ էլեկտրոնային փոստի հասցեն:
Արտերկրում առավել հաճախ առաջարկվում են մատուցողուհու, դայակի, գյուղատնտեսի, մաքրուհու աշխատանքներ։
Հարկադիր աշխատանքի զոհ կարող են դառնալ նաեւ երեխաները․ նրանք եւս խիստ խոցելի են այս առումով։ Բոլոր նման կասկածելի առաջարկների, խաբեության դեպքում հարկ է դիմել իրավապահ մարմիններին, իսկ ԱԱՏՄ-ին՝ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում։
Ըստ ՀՀ ոստիկանության վիճակագրական տվյալների, մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով 2019թ. հարուցվել է 11 քրեական գործ, որոնցից 5-ի վարույթը հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է: Մնացած 6 գործերով հայտնաբերվել է հանցագործության 7 դեպք, որոնցից 4-ը աշխատանքային: Աշխատանքային շահագործման դեպքերից 2-ը ներքին, 2-ը՝ արտաքին։
Կարծիքներ