ԱԳՆ. Ռուսաստանը Բորելի այցի ընթացքում շատ լուրջ զրույց կունենա ԵՄ-ի հետ հարաբերությունների բնույթի վերաբերյալ

ԱԳՆ. Ռուսաստանը Բորելի այցի ընթացքում շատ լուրջ զրույց կունենա ԵՄ-ի հետ հարաբերությունների բնույթի վերաբերյալ

Ռուսաստանը շատ լուրջ զրույցի է նախապատրաստվում ԵՄ-ի հետ ներկայիս հարաբերությունների բնույթի վերաբերյալ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի փետրվարի 5-ին այցի ընթացքում: Այս մասին ուրբաթ երեկոյան հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն Աթենքում ռուս լրագրողների հետ զրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով` առաջիկա այցի օրակարգը պարզ է: «Այն թելադրված է կյանքով: Մենք շատ լուրջ զրույցի ենք նախապատրաստվում Ռուսաստան-ԵՄ ներկայիս հարաբերությունների բնույթի շուրջ` հաշվի առնելով նոր գլոբալ իրողությունները, հաշվի առնելով այն, որ աշխարհն արդեն բազմաբեւեռ է դարձել: Եվ, բնականաբար, անդրադարձ կլինի նաեւ միջազգային բոլոր խնդիրներին եւ տարածաշրջանային թեմաներին»,- ասել է Գրուշկոն:

Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանը Եվրամիության հետ սկզբունքորեն չի քննարկում դրա կողմից սահմանված պատժամիջոցները: «Մենք դատապարտում ենք դրանք, եւ դիրքորոշումը հայտնի է, բայց դրանք չենք քննարկում: Նրանք են կիրառում այդ պատժամիջոցները, եւ նրանք էլ պետք է հասկանան պատասխանատվության ողջ չափն այդ պատժամիջոցների հետեւանքների համար, որոնք կհետեւեն մեր քայլերի կամ իրենց քաղաքացիների, նրանց բիզնեսի եւ այլնի վրա այդ պատժամիջոցների ուղղակի ազդեցության արդյունքում, քանի որ շատ առումներով այդ պատժամիջոցները կրակոց են սեփական ոտքերին: Թե որքան երկար ԵՄ-ն հավատարիմ կմնա այդ պատժամիջոցներին, կրկին ԵՄ-ի գործն է: Սակայն մեզ համար ակնհայտ է, որ Եվրոպայի ռազմավարական շահը չի կարող Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելը լինել»,- ասել է փոխնախարարը:

Նրա կարծիքով` այս եզրակացությանը հանգելու համար պետք չէ խորանալ ինչ-որ քաղաքական մտորումների մեջ, բավական է նայել քարտեզին, Ռուսաստանի Դաշնության եւ ԵՄ-ի հարաբերությունների պատմությանը` ամենալայն իմաստով` ինչպես պատմական, այնպես էլ գործնական:

«Ուստի, եթե գերակշռում է Ռուսաստանի հետ նորմալ, թափանցիկ, կանխատեսելի հարաբերությունների պահպանման ռազմավարական շահի այդպիսի գիտակցումը, նույնիսկ` այն պայմաններում, երբ աշխարհը դառնում է մրցակցային, եւ որոշ ոլորտներում մենք կշարունակենք մրցակիցներ մնալ, սակայն արդար մրցակցությունը նորմալ, կանխատեսելի կանոններ է պահանջում, այլ ոչ թե կանոններ, որոնք ամեն օր փոխվում են քաղաքական գործիչների քմահաճույքով, այդ ժամանակ հնարավոր կլինի դուրս գալ փոխգործակցության սխեմաների մակարդակ, որոնք իսկապես կնպաստեն տնտեսական աճին նաեւ իրենց մոտ եւ կամրապնդեն անվտանգությունը եւ Եվրոպան ավելի անկախ կդարձնեն, այդ թվում` Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում: Ոչ թե` ԱՄՆ-ի դեմ»,- ասել է փոխնախարարը:

Ընդ որում, նա նշել է, որ եթե Եվրոպան պատրաստ է իրեն Ռուսաստանի Դաշնության վրա ամերիկյան ռազմական ազդեցության ցատկահարթակ դարձնել, ապա Ռուսաստանի կողմից եւս համապատասխան վերաբերմունքը կլինի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում