Փորձում ենք պաշտպանել տեղական արտադրողի շահերը. Սերգեյ Բագրատյանը՝ նոր օրինագծի մասին
ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստում քննարկվում է ԱԺ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի և Նարեկ Ղահրամանյանի՝ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Այն ներկայացրել է հենց Բագրատյանը:
«Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-6-րդ հոդվածի 15-րդ մասում «29-պատիկը» «55-պատիկ»-ով փոխարինել:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը և տարածվում է նրա՝ ուժի մեջ մտնելուց հետո լիցենզիա ստանալու նպատակով ներկայացվող հայտերի մասով ծագած հարաբերությունների նկատմամբ»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ-ում մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող ծանր արդյունաբերության խթանման, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների, սև մետաղների արտադրության և ներքին առևտրի կանոնակարգման անհրաժեշտությամբ:
«Նպատակ ունենալով զարգացնել առավել բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտադրությունն ու հումքային ռեսուրսների ներքին սպառումը, տեղում սև և գունավոր մետաղների ջարդոնի վերամշակման, թափոններից մետաղների կորզման և առավել բարձր ավելացված արժեքով արտադրանքների արտադրության խթանումը՝ ՀՀ կառավարությունը մի շարք որոշումներով արգելել է սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանումը, ինչպես նաև սահմանափակել է սև մետաղից պատրաստված պարզ և ցածր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտահանումը»,- տեղեկացրել է պատգամավորը:
Նրա խոսքով՝ օրենքի նախագծի նպատակն այն է, որ կարողանան տեղական արտադրողին պաշտպանել արտաքին ներգործություններից, այսինքն՝ շատ ավելի էժան կարողանում են ներկրել «արմատուրա» ու մետաղական այլ ապրանքներ, օրինակ, հարևան Իրանից․ այս օրենքի ընդունումով ցանկանում են այս խնդիրը լուծել:
«Նախկինում 29 հազար դրամ էր տրված, հիմա առաջարկում ենք 55 հազար դրամ՝ 1 տոննայի հաշվարկով, որպեսզի հավասարակշռենք ներմուծվող ապրանքի գինը և արտադրվող ապրանքի գինը:
Մենք փորձում ենք պաշտպանել տեղական արտադրողի շահերը․ նպատակը սա է»,- ընդգծել է պատգամավորը:
Նա նաև տեղեկացրել է, որ Կառավարության գործընկերների հետ քննարկումներում նրանք առաջարկել են 55 հազարի փոխարեն կիրառել 45 հազար պետական տուրք, ապա բացատրել՝ իրենք ընդունում են նրանց առաջարկը՝ հաշվի չառնելով արժույթի տատանումները, որովհետև իրանական արժույթն այս պահին արժեզրկվում է, բայց վաղը, օրինակ, կարող է նորից վերականգնվել:
«Այս իմաստով որոշեցինք, որ 45 հազար դրամը բավարար է, և առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կընդունենք Կառավարության առաջարկը»,- հավելել է Բագրատյանը:


Կարծիքներ