ՔՌ-ի և ՍՍ-ի վերջին հայտարարությունները հաստատում են՝ Ղարաբաղի հարցը եղել է ՀՀ-ին ծառից կապելու թոկ. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վերջին հայտարարություններին:
«1. ՔՌ-ի և ՍՍ-ի վերջին օրերի հայտարարությունները վերահաստատում են այն, որ Ղարաբաղի հարցը հայտնի ուժերի ձեռքին եղել է թոկ Հայաստանի Հանրապետությունը «մոտակա ծառից» կապելու համար։ Ժողովուրդների իրավունքները, պատմական արդարությունը և նման եզրույթները եղել են ընդամենը հիմնական նպատակը ծխածածկելու համար։
2․ Բանակցային բոլոր գործընթացներն ու առաջարկները եղել են թոկը կարճացնելու մասին (короткий поводок): Մինչև տարվա վերջ բանակցային թղթերը կհրապարակվեն և դա ավելի տեսանելի կդառնա։
3. «Պատերազմը կանգնեցնելու» բոլոր առաջարկները եղել են թոկը կարճացնելու մասին (այս թեմային բազմիցս հրապարակային անդրադարձել եմ)։
4․ Թոկը կարճացնելու այս պրոցեսի վերջնանպատակը եղել է Հայաստանի պետականությանը վերջ դնելը։
5․ Այդ սցենարում Ղարաբաղի կոնֆլիկտը պետք է ավարտվեր միայն ու միայն Հայաստանի պետականության կորստով։
6․ Հայաստանի Հանրապետությունը մեր նահատակների կյանքի գնով, Հայաստանի Հանրապետության և Ղարաբաղի մեր ժողովրդի պատմական ինտուիցիայի շնորհիվ կարողացել է դուրս գալ այդ սցենարից։
7․ ՔՌ-ն և ՍՍ-ն առաջարկում են վերադառնալ այդ սցենարին, որն ի սկզբանե գրվել և իրագործվել է «Լենին, պարտիա, Գորբաչով» կարգախոսի և մեծ հավանականությամբ ՊԱԿ (КГБ) հովանու ներքո։
8. Ու քանի որ ակնհայտորեն սրանց հնարավորությունները զրոյական են, փորձ է արվում ձևավորել «երիտլենինպարտիագորբաչովականների կոհորտա» հին КГБ–ականների հովանու ներքո։
9․ Սպասվող արդյունքը՝ 0+0=0:
Հ․Գ․ Ղարաբաղի մեր ժողովուրդը Կառավարության աջակցությամբ պետք է տնավորվի Հայաստանի Հանրապետությունում։ Ճիշտ է, սա ծավալուն, բարդ և մեծ ռեսուրսներ պահանջող ծրագիր է, բայց այն մենք շարունակելու ենք իրագործել»,- գրել է վարչապետը։


Կարծիքներ