Վարչապետը «Գիտուժի» անդամների հետ քննարկել է գիտության ոլորտի զարգացմանը միտված առաջիկա քայլերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներին։
Վարչապետը շնորհավորել է ներկաներին Գիտության համաշխարհային օրվա առիթով և նշել, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու վերջին տարիներին գիտության ոլորտում իրականացված քաղաքականությունների արդյունքները և առաջիկա շրջափուլի անելիքները։ «Նախորդող շրջափուլի մասին բազմիցս խոսել ենք, այդ թվում՝ գիտության ոլորտի աշխատավարձերի բարձրացման մեր ժամանակացույցի վերաբերյալ, որն արդեն մի քանի տարի ընթացքի մեջ է և նախորդ հունվարի 1-ին հասավ իր լրումին։ Հետևաբար, պետք է հասկանալ, թե այս ընթացքի փորձը մեզ ինչ է ցույց տվել, և առաջիկայում մեր անելիքների վերաբերյալ ինչ պատկերացումներ ունենք»,– նշել է Նիկոլ Փաշինյանը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախորդող ժամանակահատվածում սերտորեն աշխատել են «Գիտուժ» նախաձեռնության հետ, և այս տարիները եղել են ուղենշային։ Ազգային ժողովի կողմից հաստատվել է և հոկտեմբերի 20-ից ուժի մեջ մտել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, որը, նախարարի խոսքով, նոր ինստիտուցիոնալ հնարավորություններ է ձևավորում գիտության զարգացման համար։ Ժաննա Անդրեասյանը նշել է՝ ներկայում հանրային քննարկման է ներկայացված առաջիկա 5 տարիների Գիտության զարգացման ռազմավարությունը։ «Այստեղ էլ նախարարությունը բաց է քննարկումների և առաջարկներ լսելու համար, քանի որ ներկայացված ռազմավարությունը դեռևս նախագիծ է, և առաջարկներն օգտակար կլինեն»,– ասել է նախարարը։ Նա հավելել է, որ «Գիտուժի» հետ համագործակցությամբ արդեն երկրորդ անգամ անցկացվում է «Գիտության շաբաթ» միջոցառումը՝ ուղղված գիտության հանրահռչակմանը, այդ թվում՝ երեխաների շրջանում։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ հատուկ գործիքակազմ և մեթոդաբանություն են մշակված, որն իրականացվում է նույնիսկ մանկապարտեզներում։ «Գիտության շաբաթի» շրջանակում ավելի քան 300 ուսումնական հաստատություններ՝ դպրոցներ, մանկապարտեզներ, մասնակցել են գիտափորձերի և այլ միջոցառումների։
«Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման համար և նշել, որ նախաձեռնությունը միավորում է 202 տեխնոլոգիական ընկերությունների և 24 բիզնես ասոցիացիաների։ Նպատակն է՝ նպաստել գիտության և տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը՝ աշխատելով Կառավարության հետ։ Տիգրան Շահվերդյանի խոսքով՝ վերջին տարիներին ակադեմիական գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացման արդյունքում հնարավոր է եղել կանգնեցնել ոլորտի գրեթե վերացումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նպատակային գիտական հետազոտությունների և տեխնոլոգիական մշակումների պետական քաղաքականության խնդիրներն ու լուծումները։ Անդրադարձ է կատարվել տնտեսության, պարենային անվտանգության ոլորտներում, պետական կառավարման համակարգում գիտական կարողությունների զարգացման ուղղությամբ հետազոտությունների իրականացմանը, գիտության ոլորտի ֆինանսավորմանը և այլ հարցերի։
Վարչապետը «Գիտուժ» նախաձեռնության անդամներին առաջարկել է ԿԳՄՍ նախարարության, Գիտության կոմիտեի հետ համագործակցությամբ շարունակել աշխատանքները վերոնշյալ ուղղություններով և ներկայացնել համապատասխան առաջարկություններ։ Միաժամանակ, երկրի ղեկավարը շեշտել է, որ Կառավարությունը պատրաստ է պետբյուջեով նախատեսված միջոցներից առանձին ֆինանսավորում տրամադրել գիտական այն ծրագրերին, որոնք հասունացել են և պատրաստ են մտնել գործնական փուլ։


Կարծիքներ