Էականորեն բարեփոխվել է ՄՊՀ-ի կողմից եզրակացություն տալու ինստիտուտը
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի ավագ իրավաբան Մարիամ Խաչատրյանը ներկայացնում է Հանձնաժողովի կողմից եզրակացությունների ընդունման վարույթի առանձնահատկությունները։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, մինչև 2021 թվականի մայիսի 31-ը գործող խմբագրությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքն առհասարակ չէր կարգավորում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացությունների ընդունման ընթացակարգի և դրանց իրավաբանական բնույթի հետ կապված հարցերը: Եվ դա այն դեպքում, երբ այս գործիքակազմը կարևոր տեղ է զբաղեցնում Հանձնաժողովի կանխարգելիչ լիազորությունների շրջանակում: Այդ պատճառով օրենքի փոփոխություններով առանձին գլխով (Գլուխ 14) նախատեսվել է Հանձնաժողովի կողմից տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացությունների ընդունման ընթացակարգը։
Որո՞նք են Հանձնաժողովի կողմից եզրակացությունների ընդունման հիմքերը:
Հանձնաժողովի կողմից եզրակացության ընդունման հիմքերն են՝
Իրավասու սուբյեկտի դիմումը. Հանձնաժողովի սեփական նախաձեռնությունը տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ եզրակացություն ընդունելու դեպքում։
Միաժամանակ, հարկ է նկատել, որ դիմում ներկայացնելու համար նախատեսված չէ տուրք կամ պարտադիր այլ վճար:
Ո՞վքեր կարող են դիմել Հանձնաժողով եզրակացություններ ստանալու նպատակով:
Պետական մարմինները և դրանց պաշտոնատար անձինք, տնտեսավարող սուբյեկտները,
նորմատիվ իրավական ակտերի դեպքում՝ այն ընդունելու իրավասություն ունեցող պետական մարմինները և դրանց պաշտոնատար անձինք։
Որո՞նք են այն ակտերը, որոնց վերաբերյալ Հանձնաժողովը կարող է տրամադրել եզրակացություններ:
Գործողության կատարումը, գործարքի կնքումը, իրավական ակտի, այդ թվում՝ նորմատիվ իրավական ակտի ընդունումը։
Ուշագրավ է, որ օրենսդրական բարեփոխումների արդյունքում եզրակացություն ստանալու հնարավորությունը, ի տարբերություն նախկին կարգավորման, հնարավոր է միայն մինչև համապատասխան գործողության կատարումը, գործարքի կնքումը կամ իրավական ակտի ընդունումը՝ դրանով իսկ ապահովելով այս լիազորության իրապես կանխարգելող նշանակությունը։
Ի՞նչ ժամկետներում են ընդունվում Հանձնաժողովի եզրակացությունները:
Եզրակացությունն ընդունվում է այդ մասին ընթացակարգ սկսելու մասին Հանձնաժողովի որոշումը կայացվելու օրվանից մեկամսյա ժամկետում։ Ընդ որում, Հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ այդ ժամկետը կարող է երկարաձգվել մինչև մեկամսյա ժամկետով:
Ի՞նչ բնույթ ունեն Հանձնաժողովի կողմից ընդունված եզրակացությունները:
Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացություններն ըստ բնույթի տարբերակվում են երկու տեսակի՝ պարտադիր և խորհրդատվական:
Այսպես, բացառությամբ նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացության, մնացած դեպքերում այն կրում է պարտադիր բնույթ և դրան չհետևելը կարող է տնտեսավարող սուբյեկտի համար առաջացնել բացասական իրավական հետևանքներ:
Ի տարբերություն վերոգրյալի՝ նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը կրում է խորհրդատվական բնույթ և դրան հետևելը, ըստ էության, բխում է իրավաստեղծ մարմնի կողմից նաև մրցակցային իրավունքի պահանջներին համահունչ գործելու հրամայականից:
Այսպիսով, կարելի է փաստել, որ օրենքի փոփոխությունների արդյունքում տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն տալու ինստիտուտն էականորեն բարեփոխվել է՝ նպաստելով Հանձնաժողովի վարչարարության կանխատեսելիության բարձրացմանը և գործարար միջավայրի բարելավմանը:
Կարծիքներ