ԱԺ են այցելել «Մեդիագրագետ և պաշտպանված համայնքներ» կրթական ծրագրի մասնակից դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները

ԱԺ են այցելել «Մեդիագրագետ և պաշտպանված համայնքներ» կրթական ծրագրի մասնակից դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները

«Մեդիագրագետ և պաշտպանված համայնքներ» կրթական ծրագրի մասնակից Տավուշի և Գեղարքունիքի մարզերի դպրոցների ուսուցիչների և աշակերտների հետ փետրվարի 2-ին հանդիպել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, հանդիպմանը մասնակցել և հյուրերի հետ զրուցել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ըստ աղբյուրի՝ Տավուշի և Գեղարքունիքի մարզերի 4 հիմնական և ավագ դպրոցներում բացվել են մեդիագրագիտության դասարան և ակումբներ, որտեղ աշակերտներն մեդիագրագիտության, կեղծ լուրերի ստուգման, քաղաքացիական կրթության, քննական մտածողության զարգացման դասընթացներ են անցել այլընտրանքային կրթական մեթոդներով` հետաքրքիր ֆիլմերի դիտումներով, խաղերով և այլն:

«Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանը ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված ծրագիրը:

Նշվում է, որ, ողջունելով հյուրերին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշել է, որ աշխատել է Գայանե Աբրահամյանի հետ ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման նստաշրջանում և ուրախ է այս հանդիպման համար: Նա ընդգծել է, որ իշխող կուսակցության համար կարևոր է կապը ժողովրդի հետ: Ալեն Սիմոնյանը հետաքրքրվել է առկա խնդիրներով, բացթողումներով:

Անդրադառնալով «Հայոց պատմությո՞ւն», թե՞ «Հայաստանի պատմություն» դասագրքի անվանմանը վերաբերող հարցին` Ալեն Սիմոնյանը ընդգծել է, որ շատ կարևոր է փոքր հասակից ամրապնդել պետականության գաղափարը: «Մեր ընկալմամբ խորհրդային ժամանակահատվածում ամեն ինչ արվել է պետականության գաղափարը ենթագիտակցության մակարդակից հանելու համար: Մեր ցանկությունն է կարևորել պետական մտածելակերպը, ամրապնդել պետականության հիմնաքարը: Բայց մենք պատրաստ ենք լսելու նաև կարծիքներ»,- ասել է ԱԺ նախագահը:

Հանդիպման մասնակիցները մտահոգիչ են համարել դպրոցներում արական սեռի մանկավարժների պակասը` նշելով, որ նրանք կարևոր դերակատարում կարող են ունենալ դեռահաս աշակերտների դաստիարակության հարցում:

Նշվում է, որ քննարկվել են նաև դպրոցից բուհ, քոլեջ և ուսումնարան անցման նոր` կրեդիտային համակարգին վերաբերող հարցեր:

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը պատրաստակամություն է հայտնել մանրամասն ուսումնասիրել բարձրաձայնված խնդիրները և դրանք ներկայացնել համապատասխան ատյաններում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում