Քաղցկեղի դեպքում COVID-19-ի դեմ պատվաստել, թե ոչ. ՀՀ ԱՆ պարզաբանումը
COVID-19 համաճարակը, որն առաջացել է SARS-CoV-2 վիրուսով, շարունակում է լուրջ ազդեցություն ունենալ շատ մարդկանց վրա, ներառյալ քաղցկեղով հիվանդների, նրանց ընտանիքների և խնամակալների:
Պատվաստանյութերը օգտագործվում են՝ օգնելու անձի իմունային համակարգին ճանաչել և պաշտպանվել որոշակի վարակներից: Պատվաստանյութերն այժմ հասանելի են COVID-19-ից պաշտպանվելու համար: Այստեղ մենք կքննարկենք COVID-19-ի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ քաղցկեղով տառապող մարդկանց (կամ քաղցկեղի պատմություն ունեցող) մի քանի հարցեր:
Բազմաթիվ փորձագիտական բժշկական խմբեր խորհուրդ են տալիս, որ քաղցկեղով հիվանդ կամ հիվանդության պատմություն ունեցող պացիենտներից շատերը պետք է ստանան COVID-19-ի դեմ պատվաստանյութ: Քանի որ յուրաքանչյուր մարդու համար իրավիճակը տարբեր է, անհրաժեշտ է COVID-19-ի դեմ պատվաստանյութը ստանալու ռիսկերն ու օգուտները քննարկել օնկոլոգի հետ: ԱՀԿ-ի կողմից դեռևս առկա չեն հստակ ուղեցույցներ՝ քաղցկեղով հիվանդներին COVID-19-ի պատվաստումների վերաբերյալ:
Հարց 1. Պետք է արդյո՞ք քաղցկեղ ախտորոշված պացիենտները պատվաստվեն:
Քաղցկեղ ունեցող և արդեն իսկ ապաքինված պացիենտների մեծ մասը պետք է պատվաստվի SARS-CoV-2-ի դեմ: Չնայած այն հանգամանքին, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը հիմնականում փորձարկվել են չարորակ գոյացություններ չունեցող անձանց մոտ, սակայն դրանց արդյունավետության վերաբերյալ առկա տվյալները հաստատում են դրանց կիրառումը նաև այս խմբի մարդկանց համար:
Հարց 2. Պացիենտների ո՞ր խումբը պետք է առավել ուշադիր լինի:
Քաղցկեղ ունեցող պացիենտների համար COVID-19-ի դեմ պատվաստանյութերի կիրառման վերաբերյալ տվյալները շատ չեն: Քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա ստացող, արյան չարորակ հիվանդությունների հնարավոր կողմնակի ազդեցությունները լավ ուսումնասիրված չեն: Դեղային բուժման մի քանի տեսակներ, օրինակ իմունաթերապիան, կարող են ցիտոկինների ավելացման և իմունիտետի լարման հանգեցնել՝ առաջ բերելով ոչ ցանկալի իմունային արձագանք: Այնուամենայնիվ, քաղցկեղածին վիրուսների պատվաստումների և իմունաթերապիայի համադրման, ինչպես նաև այլ վիրուսների (օրինակ՝ գրիպ) դեմ իրականացվող պատվաստումների վերաբերյալ տվյալները թույլ են տալիս եզրակացնել, որ կորոնավիրուսային պատվաստումը նույնպես անվտանգ է ուղեկցող թերապիայի հետ: Որոշ դեպքերում հնարավոր է հետաձգել պատվաստումը մինչ պացիենտի վերականգնումը կամ ոչ ցանկալի երևույթների վերացումը: Բուժող բժիշկը կարող է խորհուրդ տալ այս հարցում:
Բնածին կամ ձեռքբերովի իմունադեֆիցիտները՝ պայմանավորված ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով (այսուհետ՝ ՁԻԱՀ), օնկոլոգիական հիվանդություններով, քիմիաթերապիայով, ճառագայթային բուժումով, իմունասուպրեսիա առաջացնող դեղամիջոցների երկարատև կիրառումով (օրինակ՝ կորտիկոստերոիդներով 2 շաբաթ և ավելի տևողությամբ՝ 2 մգ/կգ կամ 20 մգ/օրական պրեդնիզոլոն)՝ կենդանի պատվաստանյութերի (ԲՑԺ, ԿԿԽ, ԿԿ, Ռոտայի, տուլարեմիայի) համար ժամանակավոր հակացուցում են: Կորոնավիրուսային վարակի դեմ այսօր առկա բոլոր պատվաստանյութերը անկենդան են և պատվաստման հակացուցում չեն:
Հարց 3. Ի՞նչ պետք է անեն պատվաստված պացիենտները:
Քաղցկեղ ունեցող և հատկապես բուժման ակտիվ գործընթացում գտնվող պացիենտները պետք է մշտադիտարկվեն: Հետպատվաստումային անցանկալի կողմնակի երևույթների ի հայտ գալու դեպքում պացիենտը պետք է արագ դիմի ուռուցքաբանական մասնագիտացված կենտրոն, որտեղ բժիշկը կգնահատի իրավիճակն ու անհրաժեշտ բուժում կնշանակի:
Հարց 4. Որո՞նք են պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունները:
Պատվաստանյութեր ստանալուց հետո արձանագրված ընդհանուր կողմնակի բարդությունները ներառում են`
ներարկման տեղում ցավ, կարմրություն կամ այտուց.
հոգնածության զգացում.
գլխացավ.
ջերմություն.
սարսուռ.
մկանների և հոդերի ցավ.
սրտխառնոց:
Պատվաստանյութերի համար, որոնք պահանջում են երկու ներարկում, երկրորդ ներարկումից հետո կողմնակի ազդեցությունները կարող են մի փոքր ուժեղ լինել, համեմատած այն բանի հետ, որը դուք ունեցել եք առաջին ներարկումից հետո: Ընդհանուր առմամբ, կողմնակի բարդությունները մի քանի օրվա ընթացքում վերանում են:
COVID-19-ի դեմ այս բոլոր պատվաստանյութերը դեռ բավականին նոր են, ուստի հնարավոր երկարաժամկետ կողմնակի ազդեցությունները դեռ ուսումնասիրվում են, և հնարավոր է, որ տարբեր պատվաստանյութերի վերաբերյալ ցուցումները կարող են փոխվել: Եթե մտահոգություններ ունեք COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստանալու վերաբերյալ, կարող եք խոսել ձեր բժշկի հետ:
Կարծիքներ