«Նոր կորոնավիրուսի հետևանքներն ու կրթության ոլորտը» թեմայով քննարկում Գյումրիում

«Նոր կորոնավիրուսի հետևանքներն ու կրթության ոլորտը» թեմայով քննարկում Գյումրիում
Լուսանկարը՝ Մեդիա Երկխոսության կենտրոնի ֆեյսբուքյան էջից

Արդեն 5 ամիս է, ինչ համավարակի հետևանքով մեր կյանքի բոլոր ոլորտները շեղվել են իրենց բնականոն ընթացքից: Ամենազգայուն ոլորտը կրթական համակարգն է: Այս ոլորտը մարտ ամսից անցել է հեռավար կրթության, ինչը մեզանում նորություն էր` իր դրական և բացասական կողմերով:  Թեմայի շուրջ  այսօր Գյումրու Երկխոսության մեդիա կենտրոնում կազմակերպվել էր քննարկում։ 

Բանախոսներից՝  Շիրակի մարզի Հացիկի հիմնական դպրոցի տնօրեն Աստղիկ Սարիբեկյանն իր խոսքում  նշեց. <<Մենք այս իրավիճակին պատրաստ չէինք, բայց ի պատիվ մեր ուսուցիչների կարողացանք հեռավար կազմակերպել դասապրոցեսը, և մարտի 15-ից  հետո համակարգը անցավ հեռավար ուսուցման։ Առավել ևս, որ մեր մանկավարժներից շատերը այդ օրերին չէին տիրապետում  համացանցային գործիքակազմին։ 

Թերությունները բազմաթիվ են, հեռավար կրթության համակարգը դեռ կայացած չէ, թեպետ արդեն կազմակերպվում են մի շարք դասընթացներ, որոնց շնոհիվ մանկավարժները կկարողանան դասապրոցեսը իրականացնել համացանցի միջոցով>>։

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՇՊՀ դասախոս, կրթության փորձագետ Մարիետա Խաչատրյանն էլ խոսեց դպրոցները նորագույն տեխնոլոգիաներով զինելու անհրաժեշտության մասին` համեմատականներ անցկացնելով հայոց բանակի և դպրոցի միջև։ Նա իր խոսքում նշեց. <<Մեր կառավարությունը պետք է հայոց դրպոցի նկատմամբ նույնքան ուշադիր լինի, որքան հայոց բանակի նկատմամբ է։ Բանակ, որի հզորությունը վերջին անգամ իր մաշկի վրա զգաց թշնամին` Տավուշի սահմանների ուղղությամբ իրականացված գործողությունների ընթացքում։ Այդպիսի ուշադրություն է պետք նաև դպրոցին, քանի որ սահմանին կանգնած զինվորը իր գիտելիքներն ու հայրենասիրությունը նախ սովորում է դպրոցից` ուստի պետք է ամուր հիմքերի վրա դրվի դպրոցը, որպեսզի բոլոր ոլորտները լինեն կայուն>>։

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Աստղիկ Հայրապետյանն էլ խոսեց կրթական ոլորտի նոր չափորոշիչների մասին. <<Ինչ իրավիճակ էլ ստեղծվի, մեր կրթական ոլորտը չեն կարող շեղել ճիշտ ուղուց։ Համավարակը այս պարագայում այդքան էլ նշանակություն չունի, եթե պետք է փոփոխություններ կատարվեն ոլորտում անշուշտ թող կատարվեն, բայց ոչ մեր ազգային կերպարի ոչնչացման հաշվին։ Այո,  պետք է նաև մեր  հանրակրթական հաստատություններում ուսումնասիրվեն համաշխարհային առաջադեմ, դասական նյութերը, բայց պետք է այնպես ներկայացվի, որ չխեղվի մեր ազգային   կերպարը։ Առավել ևս, որ մենք պատկանում ենք այն ազգերի թվին, որոնք ունեցել են բարձ ազգային  մշակույթ։ Դպրոցի հիմքում միշտ եղել է մեր ազգային դիմագիծը։ Այն, ինչ կատարվեց կրթական ոլորտում շատ փութկոտ է կատարված, կրթական ոլորտում պետք չէ շտապ փոփոխություններ արվեն։ Անկախ համավարակից, ոլորտում փոփոխությունները պետք է դանդաղ և հստակ կատարվեն>>. եզրափակեց նա։

Հանդիպման ավարտին ներկաները նաև խոսեցին, մանկավարժի աշխատանքի վարձատրության մասին, նշելով, որ ուսուցիչը պետք է ստանա արժանապատիվ վարձատրություն, որ կարողանա լիարաժեք կատարել իր առջև դրված պարտականությունները, թեպետ, հայ մանկավարժը այս պահին էլ անում է անհնարինը լավ սերունդ կրթելու համար։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում