Նորվեգիայի հայ համայնքն անցել է գործի
Առաջիկա երկու օրերին Նորվեգիայում տեղի հայ համայնքի ներկայացուցիչները խորհրդարանի շենքի մոտ կանցկացնեն բողոքի ակցիա: Պահպանելով COVID19-ի հետ կապված բոլոր նորմերը՝ մասնակիցների թիվը կլինի սահմանված քանակով: Առաջին ակցիան «Solitaritet med Armenia og Artsakh» – «Համերաշխություն Հայաստանի և Արցախի հետ» խորագրով տեղի կունենա չորեքշաբթի 07.10.20թ-ին, իսկ մյուսը տեղի կունենա հաջորդ օրը հետևյալ խորագրով՝ «Demonstrasjon om Aserbajdsjans agressjon mot Nagorno – Karabakh og Armenia» - «Բողոքի ակցիան ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի»: Հավաքը տեղի է ունենալու հենց այն ժամանակ, երբ կհանդիպեն Արտաքին գործերի և Պաշտպանության կոմիտեի անդամները: Ակնկալում ենք, որ նրանք անտարբեր չեն մնա և դուրս կգան հավաքված հայերին ընդառաջ, ինչով էլ ցույց կտան իրենց աջակցությունը խաղաղության ձգտող Արցախի և Հայաստանի ժողովրդին: Բողոքի ակցիայի նպատակն է Նորվեգիայի Թագավորության ուշադրությունը հրավիրել այն ամենին, ինչ արդեն 10 օր շարունակ կատարվում է Արցախում: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վարձկանները հարձակվել և փորձում են տեղահան անել մի ժողովրդի, որը դարեր ի վեր ապրել և արարել է այդ հողի վրա: Մինչ ակցիան՝ Հայկական Եկեղեցական համայնքի նախագահ Նարինե Հ. Հարությունյանի և Մշակութային համայնքի ղեկավարի՝ Լիանա Հարությունյանի ստորագրություններով կոչ նամակ է ուղարկվել Նորվեգիայի ներկայիս վարչապետին, որպեսզի վերջինս հանդես գա հայտարաությամբ.
1.Խստորեն դատապարտի Ադրբեջանի կողմից պատերազմի, ագրեսիայի և բռնությունների գործողությունները: Պահանջի, որ Բաքուն դադարեցնի բոլոր հարձակումները և նստի խաղաղ բանակցությունների:
2.Օգտագործի նորվեգական դիվանագիտության ուժը՝ կանխելու տարածաշրջանում սրումը և կանխելու իրավիճակի վերաճումը պատերազմի և լայնամասշտաբ տարածաշրջանային բախումների:
3. Աջակցի Հայաստանին Եվրոպայի խորհրդում և այլ միջազգային կազմակերպություններում, ձգտի իրական հետևանքների և պատժամիջոցների կիրառմանը Ադրբեջանի և Թուրքիայի դեմ:
4.Պարտավորվի մարդասիրական օգնություն տրամադրել այս ագրեսիայից տուժածներին:
Քանի որ Նորվեգիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ և անգամ Նորվեգիայի նախկին վարչապետ Ջենս Սթոլթենբերգնը գլխավոր քարտուղարն է, հայ համայնքը նամակով դիմում է գլխավոր քարտուղարին, որտեղ պահանջում է, որպիսի ՆԱՏՕ-ի կողմից քայլեր ձեռնարկվի Թուրքիային ստիպելու դուրս գալ պատերազմի դաշտից և չաջակցել Ադրբեջանին՝ իրականացնելու ագրեսիա: Հակառակ դեպքում ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է պատժամիջոցներ կիրառեն Թուրքիայի նկատմամբ՝ նրան կանգնեցնելու համար: Տեղի մամուլը չեզոք դիրքում է, չեն խոսում ադրբեջանաթուրքական պատերազմի մասին, որի պատճառով զոհվում են ոչ միայն պատերազմի դաշտում կանգնած զինվորները, այլ նաև խաղաղ բանակչությունը: Հայաստանի հայերը, արդեն իրենց շատ հարազատ նորվեգացի ընկերների հետ սկսել են պայքարը մեդիա ոլորտում: Վերջին 2 օրերի ընթացքում մեր ձայնը քիչ-քիչ տեղ է հասնում, և շատերը սկսել են հասկանալ, որ չպետք է թողնեն ադրբեջանաթուրքական ագրեսիան շարունակվի և վնաս հասցնի այս պանդեմիայի շրջանում: Ադրբեջանական ահաբեկչությանը պետք է վերջ տրվի: Հայկական Եկեղեցու համայնքը օգնության համար դրամահավաք է կազմակերպում և շարունակում է սատարել Համահայկական Հիմնադրամին և Զինվորի ապահովագրություն հիմնադրամին՝ այս պատերազմական իրավիճակից դուրս գալու նպատակով:
Կարծիքներ