Համարում ենք Ձեզ Հայաստանի բարեկամներ. Փաշինյանը Նիդերլանդների մի շարք գործիչների պարգևատրեց ՀՀ պետական պարգևներով
Նիդերլանդների տարբեր ոլորտների 5 գործիչներ պարգևատրվեցին Հայաստանի պետական պարգևներով՝ Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի, հայանպաստ գործունեության համար:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Դրենցի թանգարանում կազմակերպված արարողությանը պարգևները հանձնեց պաշտոնական այցով Նիդերլանդներում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի առաջարկությամբ ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի պետական պարգևներով պարգևատրվեցին Ինգե Դրոստը, Անդրե Ռավուտը, Լին ֆան Դայկը, Հարրի ֆան Բոմելլը, Աննա Մարիա Մատտարը:
ՀՀ վարչապետն ընդգծեց. «Սա մեր շնորհակալության և գնահատանքի արտահայտումն է որպես Հայաստանի և հայ ժողովրդի մեծ բարեկամ ձեր գործունեության համար, ձեր աջակցության համար՝ Հայաստանի համար շատ կարևոր թեմաների՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության հարցերի հետ կապված»:
Նա կարևորեց հայկական մշակույթի հանրայնացումը Նիդերլանդներում և նիդերլանդական մշակույթի հանրայնացումը Հայաստանում: Ըստ նրա՝ բարեկամ երկրների միջև երկկողմ հումանիտար կապերը խորանում են: Վարչապետը նշեց նաև քաղաքական աջակցության մասին:
«Մենք ձեզ համարում ենք Հայաստանի բարեկամներ, ապավինում ենք ձեզ, և դուք նույնպես կարող եք ապավինել մեզ: Եվ ես հուսով եմ, որ կշարունակեք ձեր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, Հայաստանի խաղաղության օրակարգին և անշուշտ Հայաստանի և Արցախի ժողովրդի իրավունքներին»,-ասաց վարչապետը:
Անդրե Ռավուտը, Ինգե Դրոստը պարգևատրվեցին «Մխիթար Գոշ» մեդալներով, Հարի ֆան Բոմմելը,
Լին ֆան Դայկը՝ «Երախտագիտություն» մեդալով, Աննա-Մարիա Մատաառը՝ «Մովսես Խորենացի» մեդալով:
Ինգե Դրոստն, օրինակ, Հաագայի Աբովյան միության քարտուղարն է և Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի «Ապրիլ 24» հանձնախմբի ղեկավարը, ով աչքի է ընկնում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված իր լոբբիստական աշխատանքներով: Դրոստը, երեք տասնյակ տարի իր հնարավորություններն ու կապերն օգտագործել է և ակտիվորեն ներգրավված է եղել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում:
Անդրե Ռավուտը առողջապահական գործակալության նախագահն է, իրավաբան, հասարակական-քաղաքական գործիչ, ով Ներկայացուցիչների պալատում 2004 թվականին ներկայացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:
Կարծիքներ