Թուրինում մեկնարկել է «Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզրափակիչը. Ռոզա Լինը ելույթ կունենա 17 համարի ներքո. ուղիղ
Իտալիայի Թուրին քաղաքի «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում մայիսի 10-ին մեկնարկեց «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը «Snap» երգով հանդես կգա 17 համարի ներքո:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթը հեռարձակվում է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով: Այն մեկնաբանում են Գարիկ Պապոյանն ու Հրաչուհի Ութմազյանը:
Քվեարկել կարող են միայն առաջին կիսաեզրափակչի մասնակից երկրները՝ Ալբանիան, Լատվիան, Լիտվան, Շվեյցարիան, Սլովենիան, Ուկրաինան, Բուլղարիան, Նիդերլանդները, Մոլդովան, Պորտուգալիան, Խորվաթիան, Դանիան, Ավստրիան, Իսլանդիան, Հունաստանը, Նորվեգիան և եվրատեսիլյան մեծ հնգյակից՝ Իտալիան ու Ֆրանսիան։ Քվեարկելու համար հարկավոր է «Եվրատեսիլին» հետևել Ձեր բնակության երկրի Հանրային հեռուստաընկերությամբ։
Ռոզա Լինի ելույթի բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը: Այս ռեժիսորները աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրման մեծ փորձ ունեն և խոստանում են, որ Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությունը ևս հիշարժան կլինի:
«Snap» երգի հեղինակներն են կոմպոզիտորներ Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելն, Էլի Քրիսթանլ, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանն:
Ավելի վաղ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ռոզա Լինը նշել էր, որ «Snap»-ը գրել է իր համար ծանր հոգեվիճակում, և ստեղծագործական գործընթացն, ասես, թերապիա է եղել:
«Հաղթահարել եմ այդ փուլն՝ այս երգով: Երգի գլխավոր ուղերձն այն է, որ դժվարություններն ու բարդություններն ավելի հեշտ է հաղթահարել՝ քեզ մի փոքր ավելի գնահատելով, սիրելով ու արժևորելով»,-նշել էր նա:
Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին, եզրափակիչը՝ մայիսի 14-ին:
Կարծիքներ