Դրոշն այրող դիզայներին «հերոսացնելուց» է դժգոհում այն Ալիևը, որի երկիրը հայ սպային կացնահարած Սաֆարով է ծնել. ՀԺ

Դրոշն այրող դիզայներին «հերոսացնելուց» է դժգոհում այն Ալիևը, որի երկիրը հայ սպային կացնահարած Սաֆարով է ծնել. ՀԺ

Ադրբեջանի դրոշը հափշտակած ու այրած Արամ Նիկոլյանի արարքին արձագանքել է դրոշի երկրի նախագահը։ Վերջինս երեկ որոշել է շահարկել արձանագրված տհաճ միջադեպը եւ նշել, թե տեղի ունեցածն ուղիղ կապ ունի ՀՀ իշխանությունների հետ: Գրում  է «Հայկական ժամանակը»։

«Նրան ոչ մի պատիժ չեն նշանակել, հերոսացնում են»,- տրտնջացել է Ալիեւը, որի կառավարած երկրում, ի դեպ, հերոսացման ամենակարճ ու ամենահեշ ճանապարհը հայատյաց լինելն ու այդպիսին լինելն ապացուցող զազրելի, նողկալի արարք կատարելն է։

Բռնատիրության «լավագույն ավանդույթներով» երկիրը կառավարող Ալիեւը, փաստորեն, ընդունակ չէ անգամ երեւակայել, որ ժողովրդավարական երկրներում, ինչպիսին է նաեւ Հայաստանը, քաղաքացիներն ունեն խոսքի, արտահայտվելու ազատության իրավունք, նրանց գործողություններն այս կամ այն հանրային միջոցառման ժամանակ «իշխանության վերին էշելոններից» չեն թելադրվում: Իսկ այն արարքներն ու գործողությունները, որոնք օրենքով սահմանված կարգով քրեաիրավական գնահատականի են արժանի, անպայմանորեն արժանանում են։

«Հերոսացման» փաստից է գանգատվում մեկը, որը ՀՀ-ին ու Արցախին ուղղված ռազմատենչ հայտարարություններ ավելի հաճախ է անում, քան՝ նամազ, որը թքած ունի միջազգային իրավունքի, մարդասիրության վրա, որի կառավարած երկիրը ծնունդ է տվել քնած հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին։ Մեկին, որը Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձվելուց հետո ներում ստացավ, պետական խրախուսանքի արժանացավ, եւ որի արարքը՝ հայասպանությունը, պետական պրոպագանդան մատուցում էր որպես ընդօրինակման արժանի ակտ։ Այս զազրելի արարքից հետո Ադրբեջանում ի հայտ եկած ցնծության ազդեցության տակ ադրբեջանցի ծնողներն իրենց տղա երեխաներին անվանակոչում էին մարդասպանի անունով։

«Հերոսացումից» է գանգատվում մի երկրի ղեկավար, որի բուծած «սաֆարովները»՝ սքողված «էկոակտիվիստի» տրաֆարետի տակ, շուրջ 5 ամիս է՝ փակել են Լաչինի միջանցքն ու 120 հազար արցախցիների հումանիտար ճգնաժամի դատապարտել։

Ալիեւի խամաճիկ ցուցարարների ֆեյսբուքյան էջերն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ նրանց բոլորին միավորում է ոչ թե բնության, այլ տեր եւ տիկին Ալիեւների նկատմամբ սերն ու խանդաղատանքը։ Ի դեպ, էկոակտիվիստ ներկայացողների մեջ է ադրբեջանցի նախկին զինվորական, իշխանամետ մամուլում որպես ռազմական փորձագետ ներկայացող Թելման Գասիմովը, որն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար ունի Ռամիլ Սաֆարովի հետ։ Սույն «ակտիվիստը» «Ֆեյսբուք»-ում անգամ հատուկ ալբոմ ունի, որտեղ պահում է Հայաստանի եւ Արցախի դրոշը ոտատակ տված, վառող զինվորականների լուսանկարներ։  

Ալիեւը, որի ցուցումով սույն ակտիվիստները ուզուրպացրել են միջանցքը, փաստորեն, կոնֆուզի մեջ է՝ բացառում է որեւէ քաղաքացիական անձի ինքնագործունեությունը եւ կարծում է, թե ՀՀ-ում ամեն մի դիզայներ կամ ակտիվիստ իր քայլերն անելիս պարտադիր թելադրվում է երկրի իշխանությունների կողմից։

Եվ վերջապես, հերոսացումից է դժգոհում մի երկրի ղեկավար, որի արտաքին գործերի գործող նախարարը հայատյացության «ավանդույթների» ջատագով է։ Երբ Ջեյհուն Բայրամովն Ադրբեջանի կրթության նախարարը եւ փոխնախարար էր, պետական մակարդակով ուսուցիչներին ու դաստիարակներին ցուցված էր «մատաղ սերնդին» սովորեցնել ատել Հայաստանն ու հայերին:

Ի դեպ, երբ Բայրամովը 2020 թվականին՝ նախքան 44-օրյա պատերազմը, նշանակվեց ԱԳ նախարար, Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը վերջինիս վերաբերյալ ուշագրավ գրառում  կատարեց: 

«Հայատյացությունը կարծես նրա բնույթն է, եւ նոր պաշտոնում առաջին պաշտոնական հանդիպումը Հունգարիայի դեսպանի հետ խորհրդանշական է, իսկ կարող է եւ դիտավորյալ է կազմակերպվել՝ հաշվի առնելով հայատյացության քաղաքականության մեջ կացնով զինված Սաֆարով հանցագործի դերը: Այսպիսով, Ալիեւը պատահաբար չի նշանակել ոչ դիվանգետ եւ փորձ չունեցող, բայց հայատյացության մեծ փորձ ունեցող մեկին...»,- նկատել էր Բեգլարյանը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում