Վրաստանի և Հայաստանի առողջապահության նախարարությունների միջև կնքվել է փոխհամագործակցության հուշագիր

Վրաստանի և Հայաստանի առողջապահության նախարարությունների միջև կնքվել է փոխհամագործակցության հուշագիր

Օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Արբայթեր-Սամարիթեր-Բունդիի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հաղորդում է 1tv.ge-ն։

«Միասին մենք կարող ենք. Համագործակցություն Վրաստանի և Հայաստանի միջև՝ արտակարգ իրավիճակներում»․ նախագծի հիմնական նպատակն է բարելավել աղետների ռիսկի կառավարման համակարգը, ստեղծել զարգացման հնարավորություններ և միջսահմանային համագործակցության մեխանիզմներ:

Համաձայնագիրը կնպաստի միջսահմանային համագործակցությանը և համակարգմանը Հայաստանի և Վրաստանի «EMT»-ների միջև աղետների, արտակարգ իրավիճակների ժամանակ և կմշակի միջսահմանային կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման մեխանիզմներ:

Փոխնախարար Գիորգի Ծոծկոլաուրիի խոսքով, նախագիծը կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար, հատկապես համաճարակի պայմաններում:

«Կարծում եմ, որ տարածաշրջանի համար մեծ նշանակություն ունեցող նախագիծ է սկսվել: Համաճարակն ու հաճախակի դարձած բնական աղետները ցույց են տվել, որ երկրների պատրաստվածությունն աղետների նկատմամբ ավելի ու ավելի կարևոր է դառնում: Հուսով եմ, որ միջազգային գործընկերների աջակցությամբ, մեր հայ գործընկերների հետ միասին, մենք կկարողանանք ստեղծել արդյունավետ մեխանիզմներ աղետներին համատեղ արձագանքելու համար»,-ասել է Գիորգի Ծոծկոլաուրին:

Վրաստանում և Հայաստանում առաջին անգամ կստեղծվեն շտապ բուժօգնության խմբեր, որոնց կտրամադրվեն բոլոր անհրաժեշտ ռեսուրսները: Վրաստանի և Հայաստանի շտապ բուժօգնության թիմերը հավատարմագրվելու են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից և օգնություն կցուցաբերեն արտակարգ իրավիճակներից և աղետներից տուժած անձանց:

Նախարարությունը հուշագրի շրջանակներում իր լիազորություններն իրականացնելու է Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնի միջոցով:

Ըստ Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնի տնօրեն Ալեքսանդրե Կալանդիայի, հատկապես կարևոր է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հավատարմագրման արդյունքում շտապ օգնության բժշկական թիմերի ձևավորումը:

«Նախագծի հիմնական խնդիրներից մեկը Վրաստանում և Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հավատարմագրման արդյունքում շտապ օգնության բժշկական թիմերի ստեղծմանն աջակցելն է, որոնց կտրամադրվեն բոլոր անհրաժեշտ ռեսուրսները և որոնք պատրաստ կլինեն արտակարգ իրավիճակներին արդյունավետ արձագանքելու համար: Այս խմբի ձևավորումն այսօր էլ ավելի հրատապ է՝ համաճարակի պայմաններում», – ասել է Ալեքսանդրե Կալանդիան:

Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են առողջապահության փոխնախարար Գիորգի Ծոծկոլաուրին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և Վրաստանի Արբայթեր-Սամարիթեր-Բունդիի տնօրեն Դիմիտրիե Տոդորովիչը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում