ՍԴ դիմած ուժերն ակնկալում են ընտրությունների արդյունքների չեղարկում. ՔՊ-ն դրա համար հիմքեր չի տեսնում
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու համար Սահմանադրական դատարան դիմած քաղաքական ուժերը հիմնականում չեն շտապում կանխատեսումներ անել՝ ՍԴ որոշման մասին, ակնկալում են, որ ՍԴ-ն կիրացնի սահմանադրական արդարադատություն, սակայն բոլորը միաբերան շարունակում են պնդել՝ իրենց արձանագրած ընտրախախտումները բավարար են, որ ՍԴ-ն անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները: Այնինչ ընտրություններում առաջատար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում համոզված են և վստահեցնում են՝ արդյունքներն անվավեր ճանաչելու հիմքեր չկան: «Արմենպրես»-ը զրուցել է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
«Ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի հունիսի 27-ի որոշումը պետք է ճանաչվի անվավեր՝ թե քանակական, թե որակական ընտրախախտումների համակցությունից ելնելով»,-պնդում է «Հայաստան» դաշինքի անդամ Արամ Վարդևանյանը:
«Հայաստան» դաշինքն ակնկալում է, որ ՍԴ-ն կիրացնի 3 որոշումներից մեկը՝ կամ անվավեր կճանաչի ընտրության արդյունքներն առհասարակ, կամ անվավեր կճանաչի և կնշանակի ընտրության երկրորդ փուլ, կամ սահմանի մանդատների բաշխման կարգ։ Սակայն Վարդևանյանը շեշտում է՝ բոլորի դեպքում էլ պնդումը, ելակետը նույնն է՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը պետք է ճանաչվի անվավեր, մնացյալն ածանցյալ են:
Կբավարարի՞ ՍԴ-ն դիմումը, թե՞ ոչ՝ Վարդևանյանը չի շտապում կանխատեսում անել, սակայն պնդում է. «Ես կարող եմ հստակ մի բան ասել՝ ընտրախախտումների ընդհանուր բնույթը, տեսակները՝ թե որակական, թե քանակական իմաստով թույլ են տալիս պնդել, որ դրանք բավարար են, որ ընտրության արդյունքները՝ ԿԸՀ-ի որոշման մասով, անվավեր ճանաչվի»:
Հուլիսի 9-ին Վարդևանյանը դաշինքի անունից ներկայացնելու է դիմումի մանրամասները: Դաշինքն առանձնացրել է 12 խումբ ընտրախախտումներ: Անդրադառնալով նկատած խախտումներին՝ նա նախ խոսեց որակական խնդիրների մասին: Ըստ «Հայաստան» դաշինքի՝ ընտրություններն անցել են աննախադեպ ատելության մթնոլորտում, դաշինքում կարծում են, որ դա գեներացվել է բացառապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից: «Եվ այդ պնդման համար կա իրավական փաստ՝ Վարչական դատարանի կողմից երկու անգամ արձանագրվել է այս խնդիրը: Մեկ անգամ պնդելով, որ նշվածն ինքնին հանդիսանում է ընտրախախտում, երկրորդը, որ ԿԸՀ-ն այդ ընտրախախտման կանխարգելման մասով մատնված է եղել անգործության»,-ասաց Վարդևանյանը:
Դաշինքի նկատած հաջորդ որակական խնդիրը վարչական ռեսուրսի օգտագործումն է: «Պարգևավճարներ, մարզպետների կողմից գումարային միջոցների վերաբաշխումներ համայնքներին, ոստիկանության ծառայողների օգտագործում, կրթական հաստատությունների օգտագործում: Կրթական հաստատությունների մասով ունենք Վարչական դատարանի որոշում: Քանակական իմաստով մենք արձանագրել ենք 109 հազար չաշխատող անձնագրերի վերաբերյալ խնդիր: Դա կազմում է ընտրություններին մասնակցող անձանց գրեթե 10 տոկոսը, որը շատ մեծ ցուցանիշ է»,-ասում է Վարդևանյանը:
Դաշինքը խնդիր է տեսնում նաև զինծառայողների քվեարկության մասով: «Խոսքը շուրջ 11 հազար անձանց մասին է: Ողջ գործընթացը եղել է գաղտնի, պարզ չէ, թե արդյոք կրկնաքվեարկության ռիսկերը բացառվել են, թե ոչ, քանի որ նրանք զուտ զինվորական գրքույկով են մասնակցում ընտրություններին: և, իհարկե, այն տեսանյութերը, որոնք պարունակում էին ընտրողի կամքի նկատմամբ միջամտություն»,-ասում է նա:
Դաշինքը մանրակրկիտ ուսումնասիրել է 109 ընտրատեղամասի հրապարակած ցուցակները, նկատել՝ արձանագրված է 88 հազար քվեարկություն, սակայն շուրջ 4 հազարի ստորագրությունն առկա չէ ցուցակներում:
ՍԴ դիմած մյուս ուժի՝ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Սոս Հակոբյանը, խոսելով իրենց ակնկալիքներից՝ նշում է. «Ակնկալիք ունենք, որ ՍԴ-ն իրապես կիրացնի սահմանադրական արդարադատություն, կգտնվի իր բարձրության վրա, կպաշտպանի սահմանադրականությունը ՀՀ-ում»:
«Պատիվ ունեմ»-ը ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկում է ընտրական իրավունքի երկու հիմնական սկզբունքների՝ ազատ և հավասար պայմաններում ընտրությունների անցկացման խախտման հիմքով: Իսկ թե «Պատիվ ունեմ»-ի համար ՍԴ-ի հնարավոր ո՞ր որոշումն առավել ընդունելի կլինի՝ եթե անվավեր ճանաչի ընտրության արդյունքներն առհասարակ, եթե անվավեր ճանաչի և նշանակի ընտրության երկրորդ փո՞ւլ, թե՞ եթե սահմանի մանդատների բաշխման կարգ՝ Հակոբյանն ասաց՝ կարևորն արդյունքներն անվավեր ճանաչելն է: «Մեխանիզմների մի մասը նոր է, հետևաբար չկա դրա մեկնաբանում, թե որ դեպքում որն է անհրաժեշտ կիրառել դատարանի կողմից: Կարծում եմ կարևորը ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելն է, իսկ թե որ մեխանիզմն արդյունավետ կգտնի դատարանը, կարծում եմ, հետո պարզ կդառնա»,-ասում է նա:
«Պատիվ ունեմ»-ի անունից Դավիթ Հարությունյանը հուլիսի 9-ին քննության ընթացքում առավել մանրամասն, պարզ կբացի դիմումի շեշտադրումը, ուղղությունները:
ՍԴ դիմած «Հայոց հայրենիք» կուսակցության անդամ Անահիտ Եղոյանը ևս չի շտապում ՍԴ որոշման վերաբերյալ կանխատեսումներ անել: «Չեմ կարող ասել, մինչև առաջին քննարկումը չլինի: Հուլիսի 9-ին հստակ կհասկանանք, թե ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի, որքան օբյեկտիվ կմոտենա գործի քննությանը: Իմ ակնկալիքն այն է, որ վերջապես ՀՀ-ում կվերականգնվի արդարություն»,-ասում է Եղոյանը:
Ըստ «Հայոց հայրենիք»-ի՝ խախտումներ եղել են բոլոր տեղամասերում, իրենք նորից վերստուգում են բոլոր տեղամասերի շարժերը: Կուսակցությունը խնդիր է տեսնում ընտրության մասնակցության բարձր ցուցանիշի հետ կապված: «Հնարավոր չէ, որ 1700 ընտրող ունեցող տեղամասում մասնակցությունը լինի 1600 : Ակնհայտ խախտում կա: Դրանք այն տեղամասերն են, որտեղ լույսերն անջատվել է: Խնդիր կա նաև զինվորների քվեարկության հետ կապված, զինվորները քվեարկել են բաց, տեսախցիկից ակնհայտ երևում է, որ զինվորները մտնում են ձեռքին արդեն իսկ նախապատրաստած ծրար, մնացածը թափում են, ծրարով դուրս են գալիս»,-ասում է նա:
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը ՍԴ-ից ակնկալում է օբյեկտիվ որոշում: «Մեր դիմումը կառուցված է երկու կարևոր խնդրի վրա: Առաջինը ազատ ընտրություն կազմակերպելու խնդիրն է, այսինքն ազդել են մարդկանց ազատ կամքի վրա: Դա նաև դրսևորվել է սպառնալիքի, բռնության կոչերով՝ իշխանություն բանեցնող անձի կողմից»,-ասում է Զոհրաբյանը:
Ըստ կուսակցության՝ տեղի է ունեցել նաև հավասարության սկզբունքի խախտում, պետական ռեսուրսներ են օգտագործվել: Կուսակցությունում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզչությունը սկսել է ավելի վաղ՝ պետական միջոցների հաշվին, դրանով անհավասար պայմաններ են ստեղծվել: Նկատած այլ խախտումներ կուսակցությունը կներկայացնի հուլիսի 9-ի նիստում: Իսկ եթե ՍԴ-ի որոշումը չբավարարի կուսակցությանը՝ Զոհրաբյանը նկատում է, որ ՍԴ որոշումը բողոքարկման ենթակա չէ, Հայաստանում չկա այլ ատյան, որ կարող է այդ որոշումը վերանայել: «Իրավական գործիքները վերջանում են Հայաստանում: Այդ ժամանակ կմտածենք, թե ինչ կարելի է անել»,-ասում է Զոհրաբյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի ներկայացուցիչ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, ի պատասխան, ՍԴ ներկայացված դիմումների, ասում է. «Այն բոլոր շրջանակները, որոնք դիտարկել են ընտրությունները, նշել են, որ ընտրություններն անցել են ազատ, մրցակցային, թափանցիկ, և որևիցե հիմք՝ ընտրությունները որևիցե եղանակով վիճարկելու համար, գոյություն չունի»:
Վարդանյանը նշում է՝ կարելի է ասել ամեն ինչ, բայց ամեն ինչ պետք է ներկայացնել համապատասխան ապացույցների լույսի ներքո: «Իսկ ապացույցները դատարանում պետք է արդեն հավուր պատշաճի ներկայացված լինեին: Մտավախությունների, մտահոգությունների, կասկածների մակարդակով չի կարող ձևավորվել ՍԴ-ում դիմում, տարբեր տեսակի մանիպուլյացիոն դատողություններ կարելի է անել, բայց այդ ամենը պետք է ներկայացնել հավուր պատշաճի ձեռք բերված ապացույցներով: Ես համոզված եմ, որ ընտրություններն անվավեր ճանաչելու հիմքեր չկան»,-ասում է նա:
Վարդանյանը ՍԴ որոշման վերաբերյալ կանխատեսումներ չի անում՝ շեշտելով, որ յուրաքանչյուր մարմին պետք է առաջնորդվի միջինստիտուցիոնալ հարգանքի սկզբունքով և չմիջամտի այն մարմինների լիազորություններին, որոնք պետք է իրականացնեն համապատասխան գործառույթներ: «ՍԴ-ն ունի իր սահմանադրական առաքելությունը, այդ առաքելության շրջանակում իրականացնում է գործառույթներ, կայացնելու է որոշում, և այդ որոշումը պետք է հարգվի յուրաքանչյուրի կողմից»,-շեշտում է նա:
Սահմանադրական դատարանը որոշել է միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում են նույն հարցին: Բոլոր դիմումները միավորված կքննվեն նույն նիստում հուլիսի 9-ին:
Աննա Գրիգորյան
Կարծիքներ