Սուրբ Սոֆիայի տաճարում առաջին նամազը տեղի կունենա հուլիսի 24-ին

Սուրբ Սոֆիայի տաճարում առաջին նամազը տեղի կունենա հուլիսի 24-ին

Ուղղափառ քրիստոնեական աշխարհի կարևորագույն կառույցը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու ճանապարհին այլևս արգելք չկա. Թուրքիայի բարձրագույն դատական մարմինը՝ պետական խորհուրդը, չեղարկել է 1934 թվականի թուրքական կառավարության որոշումը, որի համաձայն Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի կարգավիճակ էր ստացել:

Թուրքական իշխանությունների կողմից մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում առաջին նամազը տեղի կունենա հուլիսի 24-ին:

Այդ օրը հազարավոր այլադավներ ճակատները տաճարի գետնին՝ գոհաբանական նամազով երախտագիտություն կհայտնեն իրենց բարձրյալին:

Նորօրյա սուլթանը իր հաշվարկների մեջ չսխալվեց.

նա վստահ էր, որ իր ձեռնարկումին ի պատասխան, «խաչակիրների» նավերը երկու կողմից չեն արգելափակելու նեղուցը, Եվրոպայի նորօրյա թագավորներն ու իշխանները միակամ չեն դառնալու՝ հանուն դավանանքի, և ոչ միայն այն պատճառով, որ լիովին կորցրել են իրենց նախնիների պատվախնդրությունն ու հավատամքը, այլև որովհետև նրանց ձեռքերը շղթայված են՝ նույն այդ Եվրոպական գրեթե բոլոր տերություններում առկա թուրքական 5-րդ շարասյամբ:

Աշխատող ձեռքերի անհաշվենկատ հավաքագրումը Եվրոպայի կողմից հանգեցրեց թուրքական հզոր համայնքի ձևավորմանը բոլոր պետություններում:

Միայն Գերմանիայում բնակվող թուրքերի թիվը գերազանցում է 5 միլիոնը. մինչդեռ, նույն գերմանացիների հայտնի հայրենակիցը՝ Մարքսը, մոտ 150 տարի առաջ էր զգուշացնում պրոլետարիատի կազմակերպվածության և հեգեմոն դերի մասին:

Չսխալվեցին նաև Էրդողանի նախորդները՝ 1974 թվականին բռնությամբ պետականություն հաստատելով Կիպրոսի կես տարածքում:

Չսխալվեցին նաև 100 տարի առաջ, երբ ունեզուրկ անելով բնիկ ժողովուրդներին, տիրանում էին նրանց գույքին, ունեցվածքին ու տարածքներին, այդ թվում՝ նաև ցեղասպանության միջոցով:

Կա, արդյո՞ք, Սևծովյան տարածաշրջանի որևէ պետություն կամ ժողովուրդ, որ չի տուժել այս երկրի երեսից:

Վերջին 120 տարիների ընթացքում տասնյակ պայմանագրեր, համաձայնագրեր, բանակցություններ, կոնֆերանսներ մշտապես կնքվել և ավարտվել են հօգուտ Թուրքիայի:

Հ.Գ. Վերջին երկու շաբաթվա ընթացքում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու վերաբերյալ աշխարհի տարբեր անկյուններից հնչած արձագանքները հիշեցնում են սրամիտ չեխ գրողին.

«Մենք թշնամուն խարազանել ենք պատի թերթում»:

Ձոնիկ Մարգարյան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում