Գյումրու թատրոնը «Մաուգլի» ներկայացմամբ կբարձրաձայնի բնությանը մոտ, ներդաշնակ լինելու և այլ հարցեր
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հանդիսատեսին տոն կնվիրի՝ բեմ բարձրացնելով «Մաուգլի» լայնամասշտաբ ներկայացումը, որում զբաղված է վաթսուն դերասան: Ստեղծագործական կազմը ժամանակակից լուծումներով կփորձի խոսել բնությանը մոտ լինելու, հանուն գաղափարի համախմբվելու կարևորության մասին: Սպասված բեմադրության առաջնախաղերը նախատեսված են դեկտեմբերի 10-ին և 11-ին:
Թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն ասաց, որ «Մաուգլին» ներկայացում է մեծահասակների համար: «Թատրոնն իր պատմության մեջ ունեցել է մասշտաբային գործեր, սակայն «Մաուգլին» վերջին 20 տարվա ամենալայնամասշտաբ բեմադրությունն է: Ե՛վ մուլտը, և՛ ֆիլմը սիրված են, և երբ թատրոնի ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանն առաջարկեց անդրադառնալ այս պիեսին, սիրով համաձայնեցի: Ներկայացումը բավականին մեծ փոփոխությունների է ենթարկվել: Այն հնարավորինս արդիական շեշտադրումներ է պարունակում»,- շեշտեց Հարությունյանը:
Ռեժիսորն ընդգծեց՝ այս գործով խոսում են մարդու և բնության ներդաշնակության կորստի մասին. երբ մարդը հեռանում է բնությունից, ի հայտ են գալիս անմարդկային այնպիսի արատներ, ինչպիսիք են դավաճանությունը, սիրո պակասը, անհավատարմությունը, հավատի կորուստը:
«Ջունգլիները մեր կյանքն են: Ներկայացնում ենք իրավիճակներ, թե ինչպես են կենդանիները կարողանում վտանգի դեպքում համախմբվել, պայքարել հանուն ջունգլիների: Հանդիսատեսներից շատերն իրենց ծանոթ հոգեվիճակների, իրենց ծանոթ մարդկանց կհանդիպեն: Մենք բարձրաձայնում ենք խնդիրներ ու լուծում տալիս դրանց: Լուսաբաց պետք է լինի: Եվ, ինչպես ասում է հերոսներից մեկը, մենք պետք է պայքարենք հանուն մեր վաղվա ճշմարտության»,- նշեց Լյուդվիգ Հարությունյանը:
Ռեժիսորը հիշեցրեց, որ տարվա ընթացքում հանդիսատեսի դատին են հանձնել «Փրկության կղզի», «Քայլեր» բեմադրությունները: «Մաուգլի»-ից հետո ներկայացում են բեմադրելու նաև փոքրիկ հանդիսատեսի համար:
Հասուն Մաուգլիին մարմնավորող դերասան Արսեն Միքայելյանի խոսքով՝ թատերասերներն ականատես կլինեն տարվա ամենախոշոր թատերական իրադարձություններից մեկին: «Ես ուրախ եմ, որ ներկայացման մասն եմ: Այն շատ նուրբ թելեր է բացահայտում մարդու անհատականության, բնության, բնազդների մասին, բարձրաձայնում է հասարակական խնդիրներ, որոնք անմիջական կապ ունեն այսօրվա իրականության հետ»,- նշեց դերասանը:
Միքայելյանի հավաստիացմամբ՝ «Մաուգլին» բազմաշերտ է: Ըստ նրա՝ երեխան կգտնի իր հեքիաթը, մտածողը՝ իր փիլիսոփայությունը, մարդը, որին հետաքրքիր են գործողությունները, կտեսնի գունեղ, շքեղ գործողություններով հարուստ բեմադրություն:
Փոքրիկ Մաուգլիի դերը կկերտի Արտուշ Բաղդասարյանը, որը հանդես է եկել նաև Վարդան Պետրոսյանի «Վերելք» ներկայացման մեջ՝ մարմնավորելով Կոմիտասին փոքր տարիքում, խաղացել է «Քայլեր» բեմադրությունում:
«Իմ մտքով երբեք չէր անցնի, որ մի օր կարող եմ Մաուգլիի դերում լինել, որովհետև զբաղվում եմ երաժշտությամբ և պլաստիկ չեմ, սակայն «Քայլեր« ներկայացման փորձերի ժամանակ պարոն Հարությունյանն ինձ առաջարկեց մարմնավորել Մաուգլիին, և ես չմերժեցի»,-պատմեց Բաղդասարյանը:
«Մաուգլի» ներկայացման շրջանակներում թատրոնը համագործակցելու է պարուսույց Արիկ Ասատուրյանի, նկարիչ Գարեգին Եվանգուլյանի, զգեստների նկարիչ Լուսինե Խաչատրյանի և այլ մասնագետների հետ: Երաժշտական ձևավորումն իրականացնելու է «Ջագ Բամբիռ» ռոք-խումբը:
Կարծիքներ