Կներդրվեն մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումների հանգեցրած դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ

Դատական օրենսգիրքը, հատկապես՝ 2020 թ. մարտի 25-ի փոփոխություններով, էականորեն բարելավել է կարգապահական պատասխանատվության կարգավորումները, սակայն առկա է կարգապահական պատասխանատվության ինստիտուտի կատարելագործման անհրաժեշտություն, հատկապես` մարդու իրավունքների հիմնարար խախտումների դեպքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համատեքստում:
Ուստի դատական իշխանության հեղինակությունը բարձրացնելու, անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունն առավել ամրապնդելու նպատակով Կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով նախատեսվում է ներդնել մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումների հանգեցրած դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու արդյունավետ մեխանիզմներ:
««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 13-ի նիստում ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը:
Փոխնախարարի խոսքով` նախագիծը ներկայացվել է Վենետիկի հանձնաժողովին, եւ վերջինիս կարծիքից հետո էականորեն լրամշակվել է` սահմանելով այլ կառուցակարգ:
Մասնավորապես, նախագծով հստակեցվել է, որ այն դեպքում, երբ դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս թույլ տրված խախտումը հայտնաբերվել է ՄԻԵԴ վճռի ուսումնասիրության արդյունքում, ապա այդ հիմքով կարգապահական վարույթ կարող է հարուցվել խախտումը հայտնաբերելուց հետո` 1 տարվա ժամկետում:
Նախատեսվել է նաև, որ վերոնշյալ դեպքում կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե ՄԻԵԴ-ի վճռի ուժի մեջ մտնելուց հետո անցել է 15 տարի:
Հանձնաժողովի անդամների կարծիքով` ներկայացված նախագծում կան դրույթներ, որոնք կիրառման փուլում կարող են լինել խնդրահարույց: Պատգամավորները ներկայացրել են առաջարկներ, որոնց կանդրադառնան առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:
Հարակից զեկուցող Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանի խոսքով` նախագծով ակնկալվում է ունենալ Դատական իշխանության որակի բարձրացում: «Դատավորները դատական ակտերը կայացնելիս էլ ավելի աչալուրջ կլինեն, որ դատավարական խախտումներ չանեն, որոնք հետագայում կարող են դառնալ դատավորի պաշտոնից իրենց ազատման հիմքը»,- նշել է նա:
Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն:
Այնուհետև երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացություն է տվել ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրք, ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին:
Կարծիքներ