Աշխատանքային իրավունքների ոտնահարման խնդիրները կորոնավիրուսի պայմաններում. ՄԻՊ զեկույցը
ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր ԱԺ-ում ոլորտի 2020թ-ի գործունեության տարեկան զեկույցը ներկայացնելիս անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված հիմնական խնդիրներին: Գլխավոր խնդիրներից առանձնացրել է աշխատանքային իրավունքների հարցերը:
«Խոսքը վերաբերում էր աշխատավարձերի վճարման խնդիրներին, քաղաքացիները հնարավորություն չունեին հաճախել աշխատանքի, գործատուն հնարավորություն չէր ունենում գործունեության ոլորտով պայմանավորված զբաղվածություն ապահովել, ստացվում էր, որ զբաղվածությունից էին զրկվում մարդիկ։ Ունեցել ենք դեպքեր, երբ ստիպում էին արձակուրդ գնալ՝ և՛ վճարվող, և՛ չվճարվող: Խնդիրներ առաջ եկան, երբ կառավարությունը սկսեց սահմանել սոցիալական աջակցության միջոցառումներ։ Պարզվեց, որ նույնիսկ մարդիկ չգիտեին, որ իրենք գրանցված աշխատող չէին այս կամ այն ոլորտում, ու մարդիկ զրկվում էին նաև աջակցությունից»,-ասել է Թաթոյանը:
Նշել է, որ եղել են աշխատանքից անհիմն ազատվողներ։ Մայիսից այս հարցը կարգավորվել է օրենսդրորեն, բայց քանի որ հետադարձ ուժի կիրառումը չի իրականացվել, շատերը հնարավորություն չեն ունեցել վերականգնել: Պաշտպանը խոսել է մեկ այլ խնդրի մասին ևս.
«Երբ սկզբնական ժամանակաշրջանում սոցիալական աջակցության միջոցառումների գումարները փոխանցվում էին մարդկանց, իսկ մարդիկ պարտքեր էին ունենում, ԴԱՀԿ-ն գանձում էր, մեր առաջարկով ամրագրվեց, որ ԴԱՀԿ արգելանքները չեն տարածվում դրանց վրա: Կարևոր աջակցությամբ նպաստեցինք այն հարցերին, որոնք վերաբերում էին միջոցառումների հասցեականությանը։ Միջոցառումներ կային, որ երեխաների համար աջակցություն էր նախատեսված, երեխան չուներ համապատասխան փաստաթղթեր, հրատապ էր, բայց մարդիկ լինելով շոկային վիճակում, բարդությունների էին հանդիպում»:
Պաշտպանը խոսել է նաև առողջապահական համակարգի, հոսպիտալացումների, բժշկական օգնության հասանելիության խնդիրների մասին: Նշել է, որ արտակարգ իրավիճակներով պայմանավորված՝ տարեկան զեկույցը կազմված է 2000 էջից:
Կարծիքներ