Վարչապետը հույս ունի, որ Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահները լիարժեք կկատարեն իրենց պարտավորությունները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քանի դեռ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա կախված է էթնիկ զտումների և ցեղասպանության վտանգը, Պաշտպանության բանակի գոյությունը արդարացված է, սակայն այն ցեղասպանության կանխարգելման միակ մեխանիզմը չէ։ Այդպիսի մեխանիզմ է նաև Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության նիստի ժամանակ վարչապետը հիշեցրեց, որ Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդը 2020 թվականի նոյեմբերի 18-ին ընդունել է որոշում Լեռնային Ղարաբաղ ՌԴ զինված ուժերի խաղաղապահ զորախումբ գործուղելու մասին։ Այդ կապակցությամբ Դաշնային խորհրդին ուղղված դիմում-նամակում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղ խաղաղապահ զորախումը ուղարկելու մի քանի նպատակ է հիշատակել։
Վարչապետը մեջբերեց դիմում-նամակը. «Հայկական և ադրբեջանական կողմերից հրադադարի պահպանման և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածության պահպանման, Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության զանգվածային զոհերից և քաղաքացիական օբյեկտների էական վնասից խուսափելու համար իմ կողմից որոշում է կայացվել անհապաղ Լեռնային Ղարաբաղ բանակային զորախումբ ուղարկելու մասին». ասված է Վլադիմիր Պուտինի Դաշնային խորհրդին ուղղված նամակի մեջ։ Դաշնային խորհուրդը նույն ձևակերպումները, նույն բառապաշարը ներառել է նոյեմբերի 18-ին ընդունված որոշման մեջ։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Ռուաստանի Դաշնությունը պաշտոնապես արձանագրել է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության զանգվածային սպանության հավանականությունը և ստանձնել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորի դերակատարումը։
Նախկինում մի քանի անգամ այս մասին խոսել եմ, բայց հիմա ուզում եմ կրկնել՝ մենք հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնությունը վերը նշված գործառույթը կկատարի լիարժեք, բայց եթե մեր բարեկամ և դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը որևէ օբյեկտիվ պատճառով չի կարող այդ դերակատարումը իրականացնել, հենց ինքը, կարծում եմ, պետք է դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, ահազանգելով Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունների և քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման վտանգի և սա թույլ չտալու համար Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում լրացուցիչ միջազգային մեխանիզմներ գործարկելու անհրաժեշտության մասին։ Ընդ որում, ես որևէ կանխավարկած չունեմ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստնաի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ։ Պարզապես վերջին երկու տարում տեղի ունեցած իրադարձությունների շարքը, ինչպես օրինակ Խծաբերդի, Հին Թաղերի օկուպացիան, Փառուխի դեպքերը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիական անձանց սպանությունները, հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումները, քաղաքացիական բնակչությանը ահաբեկելուն ուղղված գործողություններն անհանգստացնում են»,- ասաց վարչապետը։
Միևնույն ժամանակ վարչապետը կարևորեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի առանձնահատուկ դերը, վաստակը այն բանում, որ Լեռնային Ղարաբաղում դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի ապօրինի փակման պատճառով ծայր առած հումանիտար ճգնաժամը հումանիտար աղետի չի վերածվել. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ նպատակին ուղղված ջանքերի համար»,-նշեց վարչապետը։
Կարծիքներ