Պետք է մեր հարևանների հետ հարաբերությունները կարգավորենք, որ սերունդներին թշնամանք չհանձնենք. Սուքիասյան

Պետք է մեր հարևանների հետ հարաբերությունները կարգավորենք, որ սերունդներին թշնամանք չհանձնենք. Սուքիասյան

Ըստ ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման դեպքում սահմանից 200 կմ հեռավորությամբ բնակվող թուրքերն օգտվելու են Հայաստանի ծառայություններից:

 Սուքիասյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Իմ կարծիքով՝ մեր սահմանից այն կողմ՝ Կարսի և մնացած տարածքներում, մինչև 200 կմ, այդտեղի բնակչությունը շատ օգտվելու է ՀՀ ծառայություններից: Եվ դրա համար ես ինքս էլ այդպիսի մեսիջ եմ ուղարկել մեր բժշկական ձեռնարկություններին, որ արդեն արդիական, ամենաժամանակակից սարքավորումները ձեռք բերեն, որոնք արհեստական ինտելեկտով են աշխատում: Մեր բժիշկները բավականին լավ կրթություն ունեն, և հնարավոր է, որ այդտեղի բնակիչները՝ կապ չունի ազգությամբ թուրք են, թե ոչ, Գյումրիից օգտվեն, իսկ Մարգարայի կողմից կարող են Երևանից օգտվել: Մենք նույնպես օգտվելու ենք այն ծառայություններից, որոնք իրենց մոտ են զարգացած»,- ասաց Սուքիասյանը՝ շեշտելով, որ դա իր գնահատականն է:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության փաստին՝ նա նշեց, որ հրեաների ցեղասպանություն ևս եղել է, նրանք այսօր Գերմանիայում հաշտ ապրում են: Դիտարկմանը, որ Գերմանիան ճանաչել է հրեաների ցեղասպանությունը, նա ասաց, որ Հայաստանն էլ այդ ուղղությամբ աշխատում է:

«Ես ուզում եմ այնպես լինի, որ մեր սերունդներն ունենան հզոր երկիր, բարեկեցիկ կյանք: Դրա համար ֆորմուլաներ կան: Մենք պետք է նայենք տարածաշրջանում, գիտակից լինենք, մենք նույնպես օգտվենք, մեր հարևանները՝ նույնպես: Մեր հարևանները պետք է հարգեն մեր իրավունքները, մենք՝ նրանց»,-ասաց պատգամավորը:

Խաչատրյանը կարծում է՝ հնարավոր, որ ՀՀ-ն Ադրբեջանի հետ ունենա հարևանական հարաբերություններ: «Աշխարհի շատ երկրներ, որոնք հարևաններ են, մեկը մյուսի համախառն ներքին արդյունքի մեջ բավականին մեծ ծավալներ են ունենում: Եթե ստացվի այնպես, որ մենք մեր հարևանների հետ ունենանք համախառն ներքին արդյունքի թեկուզ 5-ից բարձր տոկոս, ապա դա շատ զսպող գործիք է, որպեսզի հարաբերությունները ևս լավացնեն»,- ասաց Սուքիասյանը:

Ըստ նրա՝ Ադրբեջանի հետ թշնամությունը չպետք է փոխանցել զավակներին, սերունդներին:

«Ունենք այն, ինչ ունենք: Քարտեզով գիտենք, թե որտեղ ենք գտնվում, գիտենք, թե ինչ հարևաններ ունենք: Եվ մենք պետք է մեր հարևանների հետ կարգավորենք մեր հարաբերությունները, որ մեր սերունդներին թշնամանք չհանձնենք»,- ասաց պատգամավորը:

Իսկ ինչ վերաբերում է Արցախին, ապա, նա կարծում է, որ Արցախի հարցը պետք է կարգավորվի ինքնորոշման իրավունքի շրջանակում:

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի էր ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում