Տասնյակ մշակութային գործիչներ նամակ են հղել Ջասթին Թրյուդոյին՝ կոչ անելով դատապարտել Թուրքիայի միջամտությունը ԼՂ հակամարտությանը

Տասնյակ մշակութային գործիչներ նամակ են հղել Ջասթին Թրյուդոյին՝ կոչ անելով դատապարտել Թուրքիայի միջամտությունը ԼՂ հակամարտությանը

Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին ուղղված նամակը, որի ներքո ստորագրել են երկիրը ներկայացնող տասնյակ մշակութային գործիչներ:

«Հարգելի վարչապետ,

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետությունը, աջակցություն ստանալով Թուրքիայից, լայնածավալ ռազմական հարձակում է նախաձեռնել Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով քաղաքացիական կառույցներ, այդ թվում և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Հայտնի է, որ Թուրքիան անմիջական ռազմական միջամտություն է ցուցաբերում այս հակամարտությանը և Սիրիայից ու Լիբիայից վարձկանների է տեղակայել հակամարտության գոտում:

Թուրքիայի ռազմական միջամտությունն Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտությանը սրում է իրավիճակը և կարող է վտանգավոր լինել ողջ տարածաշրջանի անվտանգության համար: Չնայած միջազգային հանրությունից հնչող բազմաթիվ կոչերին՝ Թուրքիան, լինելով Ադրբեջանի դաշնակիցը, անտեսել է հրադադարի պահանջները: Նախագահ Մակրոնի դատապարտումն առ այն, որ Թուրքիան սիրիացի ջիհադականների է ուղարկում Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու, մտահոգության մեծ ալիք է բարձրացնում: Մեդիադաշտի ներկայացուցիչները փաստում են, որ այս պատմական թշնամանքի բռնկումը կարող է խարխլել տարածաշրջանը՝ Թուրքիայի տարածքային զավթողական նպատակների շրջանակներում: Սա վտանգ է ներկայացնում համաշխարհային անվտանգության համար, որը պետք է նվազագույնի հասցվի՝ հաշվի առնելով Թուրքիայի ներկայիս տարածքային վեճերն Էգեյան ծովում և բախումները Կիպրոսի հետ՝ պայմանավորված միջերկրածովյան նավթի և գազի հանքերով:

Այս պատերազմի հետևանքները դուրս են գալիս հակամարտության շրջանակներից՝ վերածվելով էթնիկ զտումների և ցեղասպանության, և տարածաշրջանում իրական վտանգ են ներկայացնում հայերի համար: Ինչպես գիտնականներից մեկը՝ Քրիստոֆ Բենեդիկտերն ասել է, «եթե գերտերությունները թույլ տան պատերազմը տարածաշրջանում, դա կհանգեցնի զանգվածային վայրագությունների և հնարավոր ցեղասպանության՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղում ապրող հայ ժողովրդի»: Մտահոգիչ են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին լուրերը: Կանադան իր համաշխարհային ճանաչում ունեցող խաղապահ դիրքորոշմամբ պետք է դատապարտի քաղաքացիների և քաղաքացիական կառույցների դեմ հարձակումները, որը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է:  

Հավատում ենք, որ Կանադայի դիրքորոշումը թույլ կտա կոչ անել ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիային անհապաղ վերջ դնել հակամարտությանը միջամտելուն և պահանջել, որ կողմերը վերադառնան հրադադարի և խաղաղ բանակցությունների: Կոչ ենք անում Կանադային ճանաչել ինքնորոշման իրավունքը, որը սահմանվում է 1975 թվականի Հելսինկիի եզրափակիչ ակտով»,- ասվում է կանադացի գործիչների նամակում: 

Նամակը ստորագրել են Ատոմ Էգոյանը, Տորոնտոյի համալսարանի պրոֆեսոր Վարուժ Այվազյանը, կանադացի դերասանուհի Սառա Փոլին, ինչպես նաև այլ կանադացի և կանադահայ իրավաբաններ, գրողներ, դերասաններ և այլ գործիչներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում