Սերժ Սարգսյանը կեղծում է ինքն իրեն

Սերժ Սարգսյանը կեղծում է ինքն իրեն

Հանրապետական կուսակցության 17-րդ համագումարում Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունները ուղիղ հակադրվում են իր կողմից տարիներ առաջ հայտնած մտքերին: Մերժվելուց երեքուկես տարի անց Սերժ Սարգսյանը իր կողմից պաշտոնավարման երրորդ ժամկետի գնալը մեկնաբանում է հետևյալ կերպ.

«Ես վարչապետի պաշտոնում առաջադրվեցի միայն ու միայն Արցախի բանակցային գործընթացում մեր ամրացած դիրքերն ավելի առաջ տանելու և այսօրվա ողբերգությունից խուսափելու համար»:

Թե Արցախի բանակցային գործընթացում հայկական կողմը ինչ «ամրացրած դիրքեր» ուներ, թերևս ամենալավը ժամանակին պարզաբանել է հենց Սերժ Սարգսյանը: Վերջինս ինքն է 2016թ-ին խոստովանել, որ պատրաստ էր 7 շրջան վերադարձնելու փաստաթղթի տակ ստորագրեր, բայց Ադրբեջանը նոր պայմաններ էր առաջ քաշում:

Հիմա հարց է առաջանում ինչ «ամրացրած բանակցային դիրքերի» մասին է հիմա խոսում Սերժ Սարգսյանը, երբ բանակցային սեղանին հայտնվող ամեն հաջորդ փաստաթուղթը ավելի անբարենպաստ էր, իսկ որ պահից Հայաստանը համաձայնվում էր որևէ տարբերակի, Ադրբեջանը իսկույն նոր պայմաններ էր առաջադրում:

Բանակցային բարենպաստ դիրքերի մասին խոսում է այն նույն Սերժ Սարգսյանը , ով 2018թ-ի ապրիլի 17-ին վարչապետ ընտրվելու հենց առաջին օրը ԱԺ ամբիոնից հայտարարեց. «Կարելի է հստակ ասել, որ բանակցային գործընթացն ուղղակի կանգնած է, որովհետև բանակցությունների արդյունքում Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքներն ուղղակի անիրական են, մեզ համար անընդունելի… գոնե շատ տևական ժամանակ երբեք մենք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը՝ ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»:

Հիշատակված հայտարարությունները պարզորոշ փաստում են, որ բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքերը ամենևին ամրացած չեն եղել, ընդհակառակը Ապրիլյան քառօրյան և հետագա բանակցային գործընթացները հուշում էին, որ լայնամասշտաբ պատերազմը անխուսափելի է, ինչի մասին ապրիլի 17-ի ելույթում կանխատեսել է նաև հենց Սերժ Սարգսյանը: Այս մասին գրում է ArmeniaNews-ը:

Այսպիսով, պատմությունը խմբագրելու փոխարեն, Սերժ Սարգսյանը ավելի լավ կանի խոստովանի, որ վարչապետի պաշտոնում առաջադրվում էր միմիայն անձնական, խմբային, օլիգարխիկ շահերի սպասարկումը շարունակելու համար, իսկ Արցախի հարցում իր 10-ամյա «ջանքերի» արդյունքը այն ողբերգությունն էր, որից հնարավոր չէր խուսափել, քանի որ իր ժառանգությունը ամենևին ամրացրած դիրքեր չէին ոչ առաջնագծում, ոչ էլ բանակցային սեղանին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում