Արաբկիր վարչական շրջանի պարզաբանումը Բաղրամյան 79ա հասցեի կանաչ պուրակի ծառահատումների վերաբերյալ
Արաբկիր վարչական շրջանը պարզաբանում է տարածել Բաղրամյան 79ա հասցեում գտնվող կանաչ պուրակում իրականացվող ծառահատումների վերաբերյալ:
Պարզաբանման մեջ ասվում է, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը Բաղրամյան 79ա հասցեում գտնվող կանաչ պուրակում դեռևս 2014-15 թվականներին տեղադրել է մանկական խաղեր՝ նույնիսկ չենթադրելով տարածքի՝ մասնավոր սեփականություն լինելու մասին։ 2021 թ․ապրիլի 7-ին Արաբկիր վարչական շրջան դիմում է ներկայացրել սեփականատիրոջ ներկայացուցիչ Նոնա Չոլախասվովան, ինչից պարզ է դարձել, որ նշված տարածքն ունի սեփականատեր, ով, օգտվելով սեփականատիրոջ իր իրավունքներից, խնդրում է ապամոնտաժել մանկական խաղահրապարակը։
«Ուսումնասիրությունից պարզվել է, որ 28.12.2004 թ․ Երևանի քաղաքապետի 2467-Ա որոշմամբ տվյալ տարածքը սեփականաշնորհվել է «Փավրիզ» ՓԲԸ-ի անունով՝ հիմքում ունենալով նաև 29.11.2004 թ․ այն ժամանակ գործող ՀՀ տնտեսական դատարանի որոշումը։
2005 թ․ նշված ընկերությունը հողակտորը վաճառել է Սարգիս Ափիկյանին, ով էլ իր հերթին 2013 թ․ այն վաճառել է Գևորգ Մանուկյանին։ Ներկայիս սեփականատերը ԻԻՀ քաղաքացի Միրյաղուբ Մուսավի Գառգառի Սեյեդէբրեհիմն է, ով տարածքը գնել է 07.10.2014 թ․։
Քանի որ նշված տարածքը առերևույթ կարող էր ընդգրկված լինել ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածի սահմանափակումնների ցանկում և սեփականաշնորհված լիներ որոշակի խախտումներով, 15.04.2021 թ․ ԱՎՇ ղեկավար Արամ Դանիելյանը դիմել է ՀՀ դատախազություն՝ տարածքի սեփականաշնորհման հիմքերն ուսումնասիրելու և քրեական գործ հարուցելու նպատակով։ Նույն օրը վարչական շրջանի համապատասխան ծառայությունների ղեկավարները այցելել են խնդրահարույց տարածք, որտեղ ստեղծվել էր կոնֆլիկտային իրավիճակ ոստիկանների և ծառահատումը խոչընդոտել փորձող բնակիչների միջև։
Քանի որ քաղաքացիների կողմից ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցի վերաբերյալ օրինապահ մարմինները դեռևս դիրքորոշում չէին հայտնել, վարչական շրջանի աշխատակիցների միջամտությամբ և սեփականատիրոջ հետ բանակցությունների արդյունքում աշխատանքները ժամանակավորապես դադարեցվեցին (7 օրով)։
Սակայն, բնակիչների և սեփականատիրոջ հետ պայմանավորված ժամկետի ավարտից հետո, օրենսդրական դաշտում չունենալով որևէ խոչընդոտ, սեփականատերը վերսկսել է ծառահատման աշխատանքները՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին խնդրելով ապամոնտաժել խաղահրապարակը։
Վարչական շրջանի աշխատակիցները, դարձյալ լինելով վիճահարույց հասցեում, պարզել են, որ բնակիչների կողմից որևէ հայցադիմում դեռևս դատարանում մուտքագրված չէ, ուստի արգելանքի որևէ որոշում առկա չէ։ ՀՀ դատախազության կողմից ևս չի կայացվել տվյալ փուլում արգելանք դնելու որոշում։
Նշված իրավիճակում ինչպես Երևան համայնքը, այնպես էլ ԱՎՇ ղեկավարի աշխատակազմը, որևէ այլ միջամտության հնարավորություն չունեն և չեն կարող դադարեցնել ծառահատման աշխատանքները՝ իրավական հիմքերի բացակայության պատճառով․ յուրաքանչյուր գործողություն կարող է դիտարկվել որպես հողը բարեխիղճ կերպով ձեռք բերած սեփականատիրոջ իրավունքի խախտում։
ԱՎՇ ղեկավար Արամ Դանիելյանը և աշխատակազմը հնարավորության սահմաններում հետաձգել են ծառահատման աշխատանքները, սակայն ձեռքի տակ չունենալով գործընթացի կասեցման որևէ իրավական փաստաթուղթ՝ այլևս չեն ունեցել միջամտելու և ծառերի հատումը խոչընդոտելու հնարավորություն»,- ասված է պարզաբանման մեջ:
Կարծիքներ