Բնագիտության զարգացումը հնարավորություն է ընձեռելու դիմակայել ժամանակի մարտահրավերներին․ Երևանում մեկնարկեց Կենսաբանության միջազգային օլիմպիադան
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 10-ին կայացավ Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Միջազգային օլինպիադայի շրջանակում Հայաստան են ժամանել աշակերտական թիմեր՝ 64 երկրից։ Թիմերից որոշները ներկաներին ողջունեցին իրենց ազգային ավանդական ոճով, շատերն էլ ներկայացան ազգային հագուստով։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ողջունեց Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի բոլոր մասնակիցներին և հյուրերին, նշելով, որ միջոցառումը Հայաստանում հյուրընկալելու պատիվն ընձեռվել է դեռևս 2018 թվականին Թեհրանում կայացած օլիմպիադայի ընթացքում՝ Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիայի որոշմամբ:
«Մենք ստանձնել ենք այս պատասխանատվությունը մեծագույն պատրաստակամությամբ ու նախանձախնդրությամբ: Որպես այն ժամանակ կրթության և գիտության նախարար` պատիվ եմ ունեցել ստորագրել օլիմպիադայի անցկացման հուշագիրը և ուրախ եմ, որ մենք եղել ենք հետևողական՝ չնայած վերջին տարիների բոլոր խնդիրներին և մարտահրավերներին, և այսօր Կենսաբանության միջազգային օլիմպիադան արդեն իսկ իրողություն է դառնում մեր երկրում»,-ասաց Հարությունյանը:
Նա շեշտեց, որ կրթության և գիտության ոլորտները Հայաստանի կայուն զարգացման անկյունաքարային ոլորտներից են և Կառավարությունը հանձնառու է ապահովելու ոլորտների շեշտակի և որակական զարգացումը: Հարությունյանի համոզմամբ՝ բնագիտության զարգացումը հնարավորություն է ընձեռելու դիմակայել ժամանակի մարտահրավերներին, և զարգացած մարդկային ռեսուրսն է ապահովելու ինչպես կրթական համակարգի, այնպես էլ բարձր տեխնոլոգիական և ռազմավարական նշանակության ոլորտների զարգացումը ամբողջ աշխարհում:
«Կայուն զարգացման ու համընդհանուր բարեկեցության հնարավոր է հասնել միայն գիտության շնորհիվ: Կենսաբանության միջազգային օլիմպիադայի անցկացումը հավաստումն է Հայաստանում գիտության և կրթության ոլորտի կարևորության և առաջնահերթության»,-ընդգծեց Հարությունյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ողջունեց մասնակիցներին Հայաստանի Հանրապետությունում հյուրընկալվելու կապակցությամբ, նշելով, որ ուրախ է տեսնել դահլիճում աշխարհի 60-ից ավելի երկրների սովորողների, որոնք կենսաբանության դպրոցական ամենահեղինակավոր միջոցառման՝ Միջազգային օլիմպիադայի մասնակիցներն են:
«Գիտական նորարարությունների խթանումը, երիտասարդ գիտնականների զարգացումն ու խրախուսումը Հայաստանի կառավարության կարևորագույն առաջնահերթություններից են, որովհետև մենք վստահ ենք, որ առանց որակյալ կրթության և գիտության զարգացման անհնար է ապահովել հասարակության բարեկեցիկ առաջընթացը»,- ասաց նա։
Նախարարը կարևոր համարեց նշել, որ շարունակական քաղաքականություն են վարում Հայաստանը գիտակրթական մտքի հարթակ, գաղափարների և նորարարությունների գեներացման միջավայր դարձնելու ուղղությամբ, ընդգծելով, որ այս տարվա սեպտեմբերին Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել գիտության և արվեստի միջազգային STARMUS VI փառատոնը։
«21-րդ դարում խիստ կարևորվում են կենսաբանության նվաճումները, որոնք նոր զարգացումների, տեխնոլոգիական նոր լուծումների աղբյուր են: Դուք եք Երկիր մոլորակի ապագա տերերը և ձեզանից է կախված մարդկության ապագան: Որպես երիտասարդ կենսաբաններ, որպես կյանքի մասին գիտությանը սիրահարված մարդիկ՝ պահե՛ք, պահպանե՛ք մեր մոլորակը, խնամե՛ք ու զարգացրե՛ք՝ ի շահ մարդկության»,-ընդգծեց Դումանյանը:
Նախարարը մասնակիցներին մաղթեց ազնիվ և արգասաբեր մրցակցություն՝ լիահույս լինելով, որ մասնակիցները անմոռանալի տպավորություններ կստանան Հայաստանում, կվայելեն հայկական ջերմ հյուրընկալությունը:
Կենսաբանության միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ Րիոչի Մացուդայը իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանի կառավարությանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, Երևանի պետական համալսարանին, IBO 2022-ի կազմկոմիտեին և գիտության կոմիտեին՝ 2022 թ. Կենսաբանության միջազգային օլիմպիադայի (ԿՄՕ 2022) անցկացման հարցում բարեհաճ աջակցության համար։
«Սա կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան է, և մենք հպարտ ենք՝ տեսնելով այսքան շատ մասնակիցների՝ ամբողջ աշխարհից: Սիրելի մասնակիցներ, կենսաբանության բնագավառում ձեր ակնառու ձեռքբերումները կճանաչվեն և կպարգևատրվեն այստեղ` այսօր և այս շաբաթվա ընթացքում՝ այս միջոցառմանը ձեր մասնակցության արդյունքներով»,- ասաց կազմկոմիտեի նախագահը:
Րիոչի Մացուդայն ընգծեց, որ կորոնավիրուսային համավարակը «նշանակալի կրթական ազդեցություն» ունեցավ հասարակության վրա: Հետևաբար, կենսաբանությունը և կենսաբանական գիտությունները ռազմավարական գործիքներ են դարձել խնդիրների դեմ պայքարի և հաղթահարման գործում:
«Վայելե՛ք այս դժվար ու հետաքրքիր գործնական ու տեսական աշխատանքները, էքսկուրսիաները և այլ հետաքրքիր աշխատանքները, կյանքի ընկերներ ձեռք բերեք 2022 թ. կենսաբանության միջազգային օլիմպիադայում` այստեղ՝ Երևանում, Հայաստանի Հանրապետությունում»,- եզրափակեց նա:
Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի ծրագրի ղեկավար Գայանե Ղուկասյանը ողջունեց ներկաներին, նշելով, որ կորոնավիրուսային համաճարակի հետևանքով 2 տարի օնլայն աշխատելուց հետո վերջապես անցում են կատարում դեմ առ դեմ ֆորմատի։ Վերջինս շնորհակալություն հայտնեց բոլորին նախաձեռնությանը աջակցելու համար։
Կենսաբանության միջազգային օլիմպիադան (International Biology Olympiad) միություն է, որը դպրոցականների համար կազմակերպում է «Կենսաբանություն» առարկայի ամենահեղինակավոր համաշխարհային մրցույթը` Կենսաբանության միջազգային օլիմպիադան (ԿՄՕ): Օլիմպիադան իրականացվում է դեռևս 1990 թվականից և ներկայում ունի 78 անդամ պետություն:
2008 թվականին Հայաստանը Կենսաբանության միջազգային օլիմպիադային մասնակցել է որպես դիտորդ երկիր, իսկ 2009 թվականին դարձել լիիրավ անդամ:
2009 թվականից ի վեր ԿՄՕ-ին Հայաստանից մասնակցել է 35 աշակերտ:
ԿՄՕ 2022-ի կարևոր բաղադրիչներից մեկը կենսաինֆորմատիկան է: Այն միջմասնագիտական դաշտ է, որը մշակում է կենսաբանական տվյալների ընկալման մեթոդներ և ծրագրային գործիքներ։ Ընդհանուր առմամբ` կենսաինֆորմատիկան կենսաբանական գիտության մեջ ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառումն է: Կենսաինֆորմատիկան կարևոր է ժամանակակից կենսաբանության և բժշկության մեջ տվյալների կառավարման համար:
Օլիմպիադայի կազմակերպման համար ՀՀ կառավարության կողմից ապահովվել է պետական ֆինանսավորում. աշխատանքները կազմակերպում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Միջոցառման համակարգումն իրականացնում են Երևանի պետական համալսարանը և Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի կազմկոմիտեն:
Օլիմպիադայի տեխնոլոգիական գործընկերը «Team Telecom Armenia» ընկերությունն է, որը մրցույթի սահուն ընթացքն ապահովելու համար տրամադրել է անհրաժեշտ տեխնիկական ու թվային բոլոր լուծումները։
Կարծիքներ