ՄԻԵԴ-ը մերժել է զինծառայող Չինգիզ Գուրբանովի գործով ադրբեջանական կողմի պահանջը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Չինգիզ Գուրբանովի գործով որոշում է կայացրել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՄԻԵԴ-ի մամուլի ծառայությունը։
Գործը վերաբերում է ՀՀ իշխանությունների կողմից նրա մարմինը ժամանակին չվերադարձնելուն, որը նրա ընտանիքին է փոխանցվել 2017 թվականի փետրվարի 5-ին:
«Մասնավորապես, հղում անելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) և 14-րդ (խտրականության արգելում) հոդվածներին, դիմումատուն (Չինգիզ Գուրբանովի ծնողը-խմբ․) բողոքում է անմարդկային վերաբերմունքից, որ ինքը և իր ընտանիքը չեն կարողացել թաղել մարմինը իրենց կրոնական ավանդույթի համաձայն, որ ոչ ոք չի ունեցել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ, և որ մարմինը չվերադարձնելու հիմնական պատճառները խտրական են եղել»,- նշված է հաղորդագրության մեջ։
Դատարանը գտել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) և 14-րդ (խտրականության արգելում) հոդվածների խախտումները բացակայում են։
Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ ադրբեջանցի զինծառայողը մահացել էր 2016 թվականի դեկտեմբերի 29-ին ադրբեջանական կողմի դիվերսիոն փորձի հետևանքով։ Ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Չինգիզ Գուրբանովի դին 2017 թվականի փետրվարի 5-ին հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներին։
Ասգարովան և Վեսելովան ընդդեմ Հայաստանի գործով, որը վերաբերում էր ադրբեջանցի դիվերսանտներ Գուլիևի և Ասգարովի կոնվենցիոն իրավունքների ենթադրյալ խախտումներին, գանգատն ամբողջությամբ ճանաչվել է անընդունելի: Այս գործով ՄԻԵԴ-ը գտել է, որ դիմումատուների ամուսինները՝ Ասգարովը և Գուլիևը, որոնք դատապարտվել էին Լեռնային Ղարաբաղում, չեն գտնվել այնպիսի բացարձակ մեկուսացման մեջ, որը զրկեր նրանց իրենց հարզատենրի հետ շփումից: Նրանց նկատմամբ ցոցաբերվել է նույնպիսի վերաբերմունք ինչպես մնացած դատապարտյալների նկատմամբ: Ավելին, նրանք զրկված չեն եղել ՄԻԵԴ դիմելու համար իրենց հարազատներին կամ որևէ իրավապաշտպանի լիազորագիր ներկայացնելու հնարավորությունից:
Ալիևն ընդդեմ Հայաստանի և Ալլահվերդիևն ընդդեմ Հայաստանի գործերով, որոնք վերաբերում էին 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում դիմումատուների կոնվենցիոն մի շարք իրավունքների, այդ թվում՝ սեփականության իրավունքի ենթադրյալ խախտումներին, ՄԻԵԴ-ը գանգատները ճանաչել է անընդունելի՝ պատերազմական ակտիվ գործողությունների ընթացքում տեղի ունեցած վերը նշված ենթադրյալ խախտումների նկատմամբ իր իրավազորության բացակայության հիմքով: Նույն հիմնավորմամբ անընդունելի են ճանաչվել նաև Հակոբյանն ընդդեմ Ադրբեջանի և Օհանյանն ընդդեմ Ադրբեջանի գործերը:
Կարծիքներ