Փարաքարի ղեկավար ընտրվեց Դավիթ Մինասյանը
Փարաքարում այսօր համայնքի ղեկավար է ընտրվել: Այսօրվա ավագանու նիստում «Դավիթ Մինասյան» և ՔՊ խմբակցության անդամները միասին առաջադրել են Դավիթ Մինասյանի թեկնածություն համայնքապետի պաշտոնում:
Մինչ այդ, «Ապրելու երկիր» խմբակցության անդամները վայր դրեցին մանդատները ու լքեցին նիստերի դահլիճը:
«Մենք բոլորս մանդատները վայր ենք դնում ու դուրս ենք գալիս, դուք ուզում եք քվեարկեք, ձեր խնդիրն է, Աստծո առաջ բոլորս պատասխան ենք տալու ինչ-որ մի օր, ցտեսություն»,-ասաց «Ապրելու երկիր» խմբակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը:
Նա նաև հավելեց, որ ավագանու անդամները մանդատները դնում են և չեն մասնակցելու այսուհետ կայանալիք նիստերին ևս, ըստ նրա՝ հավանաբար առաջիկա 5 տարիներին այդպես էլ կշարունակվի
Քվեարկության արդյունքում, Դավիթ Մինասյանն ընտրվել է համայնքի ղեկավարի պաշտոնում:
Այնուհետ հայտարարվեց, որ առաջիկա 5 տարիներին նա կիսելու է համայնքի կառավարումը ՝ 2,5 տարի կառավարելու է Դավիթ Մինասյանը, հաջորդ 2,5 տարին՝ Լյուդվիգ Գյուլնազարյանը, որն էլ ՔՊ-ի թեկնածուն էր:
Դավիթ Մինսյանը պաշտոնապես երդվելու է հունվարի 12-ին:
Անցած տարվա դեկտեմբերի 20-ին Փարաքարում ավագանու առաջին նիստ արդեն տեղի էր ունեցել, սակայն ավագանու անդամներն այդպես էլ չէին կարողացել համայնքապետ ընտրել։
Բանն այն է, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը Փարաքարում 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ։ Կուսակցությունն իր 10 ներկայացուցիչներով, առանց մյուս քաղաքական ուժերի, նիստ էր արել և ընտրել համայնքապետ։ «Դավիթ Մինասյան» դաշինքն էլ ՔՊ-ի հետ առանձին այլ նիստ էր արել և ավագանու 11 ձայնով համայնքապետ ընտրել Դավիթ Մինասյանին։
Կողմերն այդպես էլ համաձայնության չէին եկել։ Հաջորդ օրը Վալոդյա Գրիգորյանը գնացել էր համայնքապետարան՝ որպես «ընտրված» համայնքապետ, սակայն ոստիկանությունը նրան թույլ չէր տվել մտնել շենք։ Բանն այն էր, որ գործը հասել էր դատարան. «Դավիթ Մինասյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը հայցադիմում էին ներկայացրել՝ Փարաքար համայնքի ղեկավարի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Դատարանը դեկտեմբերի 30-ին նրանց հայցը բավարարել էր։
Կարծիքներ