Ճապոնիայի կառավարությունը կկրճատի ՕԽ մասնակից պատվիրակությունների քանակը
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է կրճատել արտասահմանից եկող պատվիրակությունների անդամների քանակը:
Այս մասին գրում են ճապոնական ԶԼՄ-ները: Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի համար պատվիրակությունների անդամների կեսից ավելին՝ մոտ 78 հազար մարդ կկրճատվի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն առանց արտասահմանցի երկրպագուների: Նման որոշում կայացվել է ՕԽ կազմկոմիտեի և ՄՕԿ-ի ղեկավար կազմի հանդիպման արդյունքում: Խաղերի համար նախապես վաճառված տոմսերի գումարները կվերադարձվեն: Որոշումն ընդունվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով:
2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են, խաղերը, սակայն, կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո- 2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:
Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են երեք Խաղեր` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Օլիմպիական խաղերն ամենաշատը հյուրընկալել է Լոնդոնը (1908, 1948, 2012):
Հայաստանը մինչ այս պահն ունի 8 օլիմպիական ուղեգրեր, որոնք նվաճել են մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արմեն Մելիքյանը և Կարեն Ասլանյանը, ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը:
Կարծիքներ