ՃՇՀԱՀ-ն մասնակցում է սեյսմիկ անվտանգության ապահովման միջազգային նախագծին
ՀՀ ԿԳՄՍ-ն հայտնում է, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներկայացուցիչները, կարևորելով սեյսմիկ անվտանգության ապահովման ոլորտում միջազգային համագործակցությունը և արդիական փորձի կիրառումը, օրերս մասնակցել են վերոնշյալ թեմայով միջազգային քննարկման:
ՃՇՀԱՀ-ն՝ որպես ակադեմիական գործընկեր-բուհ, քննարկմանը մասնակցելու հրավերը ստացել է Իրանի Երկրաշարժագիտության ու սեյսմիկ ճարտարագիտության միջազգային ինստիտուտից (IIEES): Առցանց հանդիպմանը քննարկվել են Կենտրոնական և Արևմտյան Ասիայում երկրաշարժի մոնիթորինգի համակարգերի ստեղծմանը, վնասների և կորուստների արագ գնահատման տարածաշրջանային համակարգի մշակմանն առնչվող հարցեր:
Համաձայն Երկրաշարժագիտության ու սեյսմիկ ճարտարագիտության միջազգային ինստիտուտի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև ստորագրված համաձայնագրի` հիշյալ ինստիտուտում հիմնվել է Արևմտյան և Կենտրոնական Ասիայի երկրաշարժերի ռիսկերի կառավարման և կայունության տարածաշրջանային կրթահետազոտական կենտրոն, որի հիմնական նպատակներն են`
իրականացնել երկրաշարժերի ռիսկերի մեղմման և կառավարման հիմնական ոլորտներում հետազոտություններ և մշակումներ,
աջակցել կառավարություններին աղետների ռիսկի մեղմացման քաղաքականության մշակման և զարգացման հարցում,
երկրաշարժի ռիսկերի կառավարման ոլորտում գիտելիքների փոխանցման համար խթանել կրթությունը և վերապատրաստումը,
աջակցել աղետների ռիսկի նվազեցման ոլորտում տեխնիկական կանոնակարգերի, չափորոշիչների և ուղեցույցների մշակմանը, ներդրմանը և կատարելագործմանը,
իրականացնել երկրաշարժի կորստի գնահատման, արագ արձագանքման, որոշումների աջակցման առաջադեմ մեթոդների, տեխնիկայի և գործիքների հետազոտություն և մշակում,
խթանել ռիսկերի կանխարգելման և համայնքի իրազեկման մշակույթը սեմինարների, վարժանքների, բանավեճերի և այլ միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև հրապարակումների միջոցով,
տրամադրել ծառայություններ` խորհրդատվություն, փորձագիտական ուսումնասիրություններ, տեխնիկական խորհուրդներ և այլն,
մասնակցել տարածաշրջանային գործընկերություններին և ցանցերին` նվիրված երկրաշարժի ռիսկերի նվազեցման և կառավարման վերաբերյալ համապատասխան տեղեկատվության և գիտելիքների հավաքագրմանն ու տարածմանը:
Կարծիքներ