Հայկական բրենդիի անվանման և շուկայական դիրքավորմանն առնչվող հարցեր են քննարկվել. հանդիպում է տեղի ունեցել
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 6-ին հանդիպել է խմիչք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ հայկական բրենդիի անվանման և շուկայական դիրքավորման գործընթացին առնչվող հարցերը քննարկելու նպատակով։
Ինչպես հայտնել են նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Անուշիկ Ավետյանը։
Նախարարն իր խոսքում ընդգծել է աշխարհագրական նշման համակարգի ներդրման և արդյունավետ գործարկման կարևորությունը՝ որպես բարձրորակ տեղական արտադրանքի ճանաչելիությունն ու մրցունակությունը բարձրացնող գործիք։ Նա նաև հավելել է, որ աշխարհագրական նշումով արտադրանքի հավաստագրման և վերահսկման գործընթացում առանցքային նշանակություն ունեն սերտիֆիկացման մարմնի գործունեությունը և հստակ մշակված հսկողության պլանի առկայությունը։
Քննարկման ընթացքում ԵՄ-ի կողմից իրականացվող աջակցության ծրագրի թիմի կողմից ներկայացվել են աշխարհագրական նշումով արտադրանքի տեխնիկական հատկորոշումների հիմնական դրույթները։
Մասնակիցները հանդես են եկել դիտարկումներով և առաջարկություններով՝ ուղղված նախագծի լրացուցիչ հստակեցմանը և կատարելագործմանը։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել ապահովել գործընթացի թափանցիկությունն ու մասնակից կողմերի ակտիվ ներգրավվածությունը։


Կարծիքներ