«Ինչ ենք արել» և «Ինչ ենք անելու». «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել իր նախընտրական ծրագիրը

«Ինչ ենք արել» և «Ինչ ենք անելու». «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել իր նախընտրական ծրագիրը

Երևանի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել իր նախընտրական ծրագիրը։

Կուսկացության կարգախոսն է՝ «Ասեք, անենք»:

«Քաղաքացիական պայմանագիր»-ն իր ծրագրում խոսել է անցած 5 տարիների գործունեության մասին և ներկայացրել առաջկա անելիքները:

«Սիրելի՛ երևանցի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտեցումը Երևան քաղաքի զարգացման վերաբերյալ դու տեսել ես նախորդ հինգ տարիների ընթացքում։ Քաղաքում առկա խնդիրները գոյացել էին տասնամյակների ընթացքում, և դրանց լուծումները պահանջում էին տարիների բարդ և թիմային աշխատանք։ Այդ խնդիրների զգալի մասը մեր թիմը կարողացել է լուծել՝ բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգումից մինչև տրանսպորտային ռեֆորմ:

Չնայած մեր կողմից ամենօրյա ներդրված եռանդին՝ դեռևս շարունակում են մնալ բազմաթիվ խնդիրներ, որոնք դեռ պետք է լուծումներ ստանան, և մեր թիմը ունակ է ապահովել Երևան քաղաքի զարգացման բնականոն ընթացքը»,- մասված է նախընտրական ծրագրի նախաբանում։

Կոմունալ տնտեսություն,  սոցիալական պաշտպանություն, հասանելի առողջապահություն, տուրիզմի խթանում, թափառող կենդանիների խնամք, քաղաքի արտաքին տեսքի բարելավում և վերականգնում, նոր ճանապարհների և թաղամասերի կառուցում և վերականգնում. կուսկացությունն իր նախընտրական ծրագրի կետերում առաջարկում է լուծումներ գրեթե բոլոր բնագավառների խնդիրների վերաբերյալ։

«Հանրային տրանսպորտ» բաժնում «Ինչ ենք արել» խորագրի ներքո նշված է.

«Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների շրջանակում 2023թ. օգոստոսի 15-ից, հավատարիմ մնալով մեր խոստմանը, երևանյան ներքաղաքային երթուղիներում այլևս չկան «հուսահատության» գազելներ: Այս պահին արդեն իսկ ձեռք ենք բերել միջազգային չափորոշիչներին համապատասխանող 578 ավտոբուս, որից 548-ն արդեն իսկ շահագործվում է: Ձեռք ենք բերել նաև թվով 30 նոր սերնդի, միջազգային չափորոշիչներին համապատասխանող տրոլեյբուս, որից 15-ն արդեն իսկ շահագործվում է Երևանի տրոլեյբուսային երթուղիներում և, շահագործվելով առանց ցանցին հպվելու, սպասարկում է Էրեբունու զանգվածը, Աէրացիան և Դավթաշեն վարչական շրջանը:

Իրականացրել ենք նշանակալի բարեփոխումներ նաև Երևանի մետրոպոլիտենում, մասնավորապես կառուցել ենք դրենաժային թունելը և ամբողջությամբ փոխարինել մետրոպոլիտենի օդափոխության համակարգը:

Ներկայում պիլոտային գործարկման փուլում է միասնական տոմսային համակարգը: Մինչև 2023թ. ավարտը կունենանք ներդրված միասնական տոմսային համակարգ վերգետնյա և ստորգետնյա հասարակական տրանսպորտի համար, կունենանք նաև միասնական տոմսի տարբեր տեսակներ: Համակարգը հնարավորություն կտա սահմանելու մեկանգամյա, շաբաթական, ամսական և եռամսյակային տոմսային բաժանորդագրության սակագներ, արտոնություններ կընձեռի սոցիալական տարբեր խմբերի, ինչպես նաև ֆիքսված ժամանակահատվածում տրանսպորտային միջոցների փոփոխման արդյունքում կբացառի կրկնակի գանձումը:

Մեկնարկել ենք առանձնացված ավտոբուսային գծերի ներդրման գործընթացը՝ նպատակ ունենալով տրամադրել առաջնահերթություն և առավելություն հասարակական տրանսպորտին՝ երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ:

Ապահովել ենք Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիների հասանելիությունը բջջային հավելվածների միջոցով, ինչը ընձեռում է ուղևորության էլեկտրոնային պլանավորման հնարավորություն և տրամադրում է հստակ տեղեկատվություն տրանսպորտի ժամանման վերաբերյալ»:

«Ինչ ենք անելու» խորագրի ներքո ներկայացված են տրանսպորտի բնագավառում անելիքները.

«Մեր նպատակն է հանրային տրանսպորտի համակարգը դարձնել հասարակական կյանքի կազմակերպման կարևորագույն և արդյունավետ միջոց, որին հասնելու համար՝

● մշակելու ենք Երևան քաղաքի շրջանցիկ ճանապարհների կառուցման հայեցակարգը, որը հնարավորություն կտա բեռնաթափելու Երևան քաղաքի տրանսպորտային միջոցների հոսքերը,
● ներդնելու ենք նոր միասնական տրանսպորտային համակարգ՝ վերանայելով երթուղիները և, ըստ անհրաժեշտության, վերանայելու ենք նաև կանգառասրահների տեղադիրքերը,
● շարունակաբար արդիականացնելու ենք ավտոբուսների և տրոլեյբուսների շարժակազմերը՝ նախապատվություն տալով էլեկտրական և էկոլոգիապես մաքուր տրանսպորտի ձեռք բերմանը,
● ապահովելու ենք ավտոբուսների և մետրոյի չվացուցակի հասանելիությունը կանգառասրահներում, կայքի և բջջային հավելվածի միջոցով,
● փոխարինելու ենք գործող կանգառասրահները նոր «խելացի» լուծումներով վերազինված կանգառասրահներով, ինչպես նաև իրականացնելու ենք կանգառասրահների համալրում,
● ստեղծելու ենք մոնիթորինգային կենտրոն, միասնական տվյալների բազա և տրանսպորտային միջոցների հոսքերի կառավարման համակարգ, որոնք հնարավորություն կտան իրական ժամանակում համակարգված որոշումներ ընդունելու արտակարգ պատահարների վերաբերյալ, ինչպես նաև կառավարելու մեքենաների հոսքը՝ կրճատելով խցանումները,
● կառուցելու ենք ավտոբուսների կայանման և սպասարկման համար նախատեսված թվով 4 դեպո,
● շարունակելու ենք ավտոբուսների համար առանձնացված գծերի ներդրման գործընթացը,
● արդիականացնելու ենք հասարակական տրանսպորտի գործող երթուղիները՝ ավելացնելով դրանց սպասարկման ծածկույթը,
● շարունակելու ենք ապահովել հանրային տրանսպորտի մատչելիությունը հաշմանդամություն ունեցող և մանկասայլակով անձանց համար,
● շարունակելու ենք իրականացնել հանրային տրանսպորտի վարորդների վերապատրաստման գործընթացը՝ սահմանված ստանդարտների, վարվեցողության կանոնների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող ուղևորներին համապատասխան օժանդակություն ցուցաբերելու ընթացակարգերի ուղղությամբ։ Վարորդներին ապահովելու ենք արտահագուստով՝ համաձայն սահմանված նորմերի,
● 2024թ. մեկնարկելու ենք և մինչև 2028թ. ավարտին ենք հասցնելու Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը,
● 2024թ. մեկնարկելու ենք և մինչև 2026թ. ավարտին ենք հասցնելու «Սուրմալու և «Փեթակ» առևտրի կենտրոնների հատվածում նոր կայարանի կառուցումը,
● 2027թ. ունենալու ենք դեպի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան տանող մետրոյի կայարանի կառուցման նախագիծ,
● մինչև 2027թ. ավարտելու ենք Երիտասարդական կայարանի երկրորդ մուտքի շինարարությունը, որը դուրս կգա Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկի հարակից տարածքում,
● հիմնելու ենք ճոպանուղային ցանց՝ Օղակաձև զբոսայգու 2-րդ հատվածից մինչև Նոր Նորքի 2-րդ զանգված և Աջափնյակ-Ծիծեռնակաբերդ-Պռոշյան ուղեգծերով,
● ներկերով իրականացված ճանապարհային գծանշումները փոխարինելու ենք մնայուն սառը կամ թերմո պլաստիկով»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում