Գյումրու ծննդատան աշխատակազմը կողմ է կառույցի միավորմանը «Գյումրի» Բ/Կ-ին․ Էդգար Սուքիասյան
Գյումրիում գործող երեք բուժհաստատություններ հնարավոր է միանան «Գյումրի» բժշկական կենտրոնին: Առաջարկը Կառավարությանն է, ըստ դրա՝ միացումից հետո Գյումրու ծննդատունն ու դիահերձարանը կշարունակեն գործել իրենց շենքերում, իսկ Ուռուցքաբանական դիսպանսերը կլուծարվի՝ 30 մահճակալից 12-ը կտեղափոխվի «Գյումրի» ԲԿ: Freenews-ն անդրադարձել էր Ուռուցքաբանական դիսպանսերի խնդրին։ Հիշեցնենք, կառույցի անձնակազմը դեմ է, հիվանդանոցի վերակազմավորմանը` «Գյումրի» բժշկական կենտրոնին։
Freenews-ի լրագրողն այսօր զրուցել է նաև «Գյումրի» ծննդատուն ՓԲԸ տնօրեն Էդգար Սուքիասյանի հետ։
Կառույցի ղեկավարը իր խոսքում հավաստիացրեց, որ ի տարբերություն այլ կառույցների իրենք կողմ են կառավարության այս որոշմանը։
Կառավարության այս որոշումով մարզը բուժհաստատության կորուստ չի՞ ունենա․
Այս քայլով Շիրակի մարզը բուժհատատության կորուստ չի ունենա, քանի որ կառույցը շարունակելու է գործել իր շենքում։ Միավորման գլխավոր նպատակներից մեկն էլ հենց այն է, որ ծննդօգնության մահճակալային ֆոնդի կորուստ ևս չի լինի։ Իսկ նման քայլի գնալը նաև կոլեկտիվի առաջարկությունն է եղել մարզպետարանին։ Ինչպես գիտենք ժամանակ առ ժամանակ խոսակցություններ էր գնում ծննդատունը փակելու մասին։ Կառույցը միանալով հզոր ուժեղ հիմնարկին, ինչպիսին «Գյումրի» Բժշկական կենտրոնն է կունենանք առավել զարգացած և հզոր հիվանդանոց։
Գյումրու ծննդատունն այս պահին ունի կուտակված պարտքեր։ Այս քայլով վերջնականապես կառույցը կազատվի՞ պարտքերից․
Եթե կառույցը միանա «Գյումրի» Բ/Կ-ին և վերազինվի նորագույն սարքավորումներով, բարելավվի շենքային պայմանները, (մասնագետների խնդիր չունենք), իհարկե ժամանակի ընթացքում կլուծենք նաև այդ պարտքերի հարցը։
Միավորման արդյունքում որքա՞ն աշխատատեղ կփակվի և քանի՞ բուժաշխատող կմնա գործազուրկ․
Այս պահին դժվարանում եմ ասել, երևի հիմնականում վարչատնտեսական մասի հետ կապված կլինեն կրճատումները, բուժաշխատողները համարյա բոլորը կմնան և կաշխատեն, հնարավոր է տարիքային մեկ երկուսը լինեն, դրանք էլ դեռ քննարկման փուլում են։ Հիմնականում աշխատատեղերի կորուստ չի լինի։ Մարդիկ կպահպանեն իրենց աշխատատեղերը, չի պակասի նաև մահճակալային ֆոնդը։
Ե՞րբ կավարտվի այս գործընթացը.
Չեմ կարող այս պահին հստակ ասել, սպասում ենք կառավարության որոշմանը։ Դրանից հետո նոր ընթացք կստանա։
Մարզում ծննունդների թիվը այս տարի նախորդ տարիների համեմատ ավելացե՞լ է, թե ոչ.
Մարզի ընդհանուր կտրվածքով նվազել է ծնունդների թիվը, բայց չենք կարղ ասել, որ այս դինամիկան կպահպանվի, տարվա ավարտին ավելի պարզ կլինի: Պետք է նշել, որ ծննունդների պիկը համարվում է հիմնականում հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսները, որը կապված է արտագնա աշխատանքների և ընտանիքի կողմից երեխա ունենալու պլանավորումից:
Կարծիքներ