Կփակվի արդյոք՞ Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերը
ՀՀ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է բուժհաստատությունների օպտիմալացման մասին կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծ, որով նախատեսվում է ճառագայթային բուժումը կենտրոնացնել մայրաքաղաքի համապատասխան բուժհաստատությունում, որով Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերը վերակազմակերպվում է:
Նախարարությունն առաջարկում է փակել ճառագայթային բաժանմունքը, 12 մահճակալով նոր բաժանմունք բացել Գյումրու բժշկական կենտրոնում, այսինքն՝ ուռուցքաբանական դիսպանսերը միանալու է Գյումրու կենտրոնին: Որպես հիմնավորում, նախարարությունը տեղեկացրել է, որ դիսպանսերի շենքային պայմանները լավը չեն, իսկ ճառագայթային բաժանմունքի սարքավորումները հին են և ունեն վերալիցքավորման կարիք:
2 օր առաջ Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերի տնօրենին մարզպետարանը հանձնել է առողջապահության նախարարության մշակած նախագիծը, որն, ըստ էության, բուժհաստատությունում ընդունել են որպես ծանուցում այն մասին, որ դիսպանսերի աշխատանքը դադարեցվելու է:
Տեղեկության իսկությունը freenews-ը փորձեց ճշտել պատասխանատուներից։
Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլյանյանը freenews-ի լրագրողին ներկայացրեց հետևյալը․
«Ստացել ենք կառավարության որոշման նախագիծ, որը վերաբերում է մարզային առողջապահական հաստատությունների օպտիմալացմանը, այդ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ։ Համաձայն այդ նախագծի Օնկոդիսպաների վիրաբուժական, և թերապևտիկ բուժման, քիմիոթերապևտիկ մասը և դիսպանսեր հոսկողությունը միավորվում է Գյումրու Բժշկական կենտրոնի մեջ։ Կատարվելիք գործողությունների հիմնավորումը այսպիսին է․ Գյումրու Բ/Կ -ն բազմապրոֆիլ հիվանդանոց է, այնտեղ առկա է լաբորատոր ժամանակակից հզոր ծառայություն, գործիքային ծառայություն, որից կօգտվեն ուռուցքաբանական ծառայության հիվանդները, իսկ ճառագայքային բուժումը կիրականացվի մայրաքաղաքի ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնում»։
Հարցին թե ինչ՞ու հենց մայրաքաղաքում և Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնում, արդյոք Շիրակի մարզից դժվար չէ այնտեղ բուժում տանալը, մարզպետարանի պատասխանատուն նշեց․
«Մենք Օնկոդիսպաներում ունենք ճառագայթային բուժման սարքավորումներ, որոնք շատ հին են, որոնք արտադրված է են ԽՍՀՄ-ի օրոք։ Այդ սարքավորումները պետք է յուրքանչյուր 5 տարին մեկ անգամ լիցքավորել համապատասխան մասնագետների կողմից, որը բավականին թանկ հաճույք է, բայց դրանք լիցքավորվել են վերջին անգամ 1995 թվականին։ 25 տարի շարունակ սարքը չի վերալիցքավորվել, դա բավականին թանկ հաճույք է։ Մինչ կառավարության այս որոշման նախագիծը մենք բազմիցս ենք դիմել իշխանություններին տարբեր ժամանակներում և խնդրել ենք աջակցել մեզ այդ հարցում, բայց ապարդյուն։ 2019 թ․ ապրիլին Աջողջապահության համաշխարհային կազմակերպության, քաղցկեղի հետազոտման միջազգային մասնագետները հիվանդանոցում ուսումնասիրություններ են կատարել և անբավարար են գնահատել ճառագայքային բուժումը։
Հիմա խնդիր է դրված առողջապահական ոլորտը ապահովել ժամանակակից բուժսպասարկմամբ: Հին շենքը որը կառուցված է 60 թվականներին արդեն բարոյապես մաշված էր, այն կհանձնվի պետգույքի բալանսին»։
Իսկ ինչ մնում է աշխատատեղերի կրճատմանը պաշտոնյան նշեց, որ աշխատակազմում կան և թոշակային տարիքի մասնագետներ և համատեղության կարգով աշխատողներ, դիտարկում ենք նրանց հարցը, կփորձենք անել առավելագույնը` մարդկանց չկրճատել աշխատանքից։
Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերի տնօրեն Վալերիկ Շիրինյանն էլ freenews-ի հետ զրույցում հաստատեց, որ նախարարության կողմից ուղարկված նախագիծը մարզպետարանից արդեն ստացել է, որտեղ նշվում է, որ պետք է ուռուցքաբանական դիսպանսերը փակվի, շենքը պետք է հանձնվի գույքի պետական կառավարման և կառույցի ճառագայթային բաժանմունքը ընդհանրապես վերացվում է Գյումրիից, հիվանդներին ուղորդելու են մայրաքաղաք, իսկ բժշկական կենտրոնի բազայի վրա բացվելու է 12 մահճակալ վիրաբուժական և քիմիոթերապևտիկ հիվանդների համար բաժանմունք։
Նրա խոսքերով գործընթացի պատճառ և հիմնավորում նշվում է, որ շենքային պայմանները լավը չեն։
«Ինչպես թե լավը չեն, ես տարիներ շարունակ վերանորոգել եմ, ունեմ հոյակապ պայմաններ, հիմա լաբորատոր աշխտորոշման բաժանմունքն եմ վերանորոգել, նման կարգի վերանորոգում ոչ մի տեղ չես գտնի։ Հիվանդանոցը անցած տարվանից ջեռուցվում է, այն իրականացրել եմ հիմնարկի տնտեսումների հաշվին։ 70 տարվա պատմություն ունեցող բժշկական հաստատությունը փակե՞ն։ Այլ բան չեմ կարող ասել, կոլեկտիվի հետ քննարկել ենք նախագիծը, և մեր եզրակացությունը մարզպետարան ենք ուղարկել»։
Անդրադառնալով այն հարցին թե ճառագայթային թերապիայի սարքավորումները բավականին հին են, և ունեն լիցքավորման կարիք․ Վալերի Շիրինյանը պատասխանեց․
«Դիսպանսերում ունենք երեք ճառագայթային թերապիայի սարքավորում, որից մեկը հոյակապ սարքավորում է, ՀՀ-ի տարածքում դրանից երկրորդը չկա, ուղղակի պետք էր լիցքավորել, որը բավականին թանկ է, մյուսը մի քիչ հին է, բայց եթե ռադիոակտիվ նյութը փոխվեր դա էլ իր ֆունկցիան կկատարեր։ Ես իմ զեկույցում էլ եմ նշել, և մեկ անգամ ևս կրկնում եմ, ուռուցքաբանական դիսպաները պետք է երեք ֆունկցիաները ունենա մեկ տեղում, լիարժեք բուժում իրականացնելու համար»,- եզրափակեց Վ․ Շիրինյանը։
Վերոհիշյալի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց նաև Առողջապահության նախարարությունը։ Գերատեսչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը Freenews-ի հետ զրույցում նշեց, որ կառավարության կողմից նախագիծ է պատրաստվել, ըստ որի Գյումրու ծննդատունը, Պաթոլոգոանատոմիական լաբորատորիան և Ուռուցքաբանության դիսպանսերը միավորելու են Գյումրու Բժշկական կենտրոնին։ Որոշման նախագիծը գտնվում է քննարկման փուլում։
Կարծիքներ