Չեչնիայում դաժան ծեծի են ենթարկել ռուս լրագրողին, կոտրել մատներն ու սափրել մազերը. ինչ կապ ունի գործի հետ Կադիրովը

Չեչնիայում դաժան ծեծի են ենթարկել ռուս լրագրողին, կոտրել մատներն ու սափրել մազերը. ինչ կապ ունի գործի հետ Կադիրովը

Չեչնիայում դիմակավորված անձինք հարձակվել են «Նովայա գազետա»-ի լրագրող Ելենա Միլաշինայի և փաստաբան Ալեքսանդր Նեմովի վրա, ովքեր պաշտպանում են չեչեն ակտիվիստների մորը՝ Զարեմա Մուսաևային։Այս մասին հայտնում է Հայկական Ժամանակը:

The Insider-ը գրում է, որ հարձակվողները կանգնեցրել են մեքենան, որով լրագրողն ու փաստաբանը մեկնում էին օդանավակայանից Գրոզնի, դաժան ծեծի ենթարկել նրանց ու ոչնչացրել սարքավորումներն ու փաստաթղթերը։

Երկուսն էլ հիվանդանոցում են հայտնվել ծանր վնասվածքներով, Նեմովը դժվարությամբ է կարողանում խոսել և շարժվել, Միլաշինայի մատները կոտրված են, սափրել են նրա գլուխը և ողողել փայլուն կանաչ նյութով։ Լրագրողի գործընկերները հայտնել են, որ նա գտնվում է ծանր վիճակում և առանց հատուկ մեքենաների չի կարող տեղափոխվել։

Ինչ գործով են միավորվել լրագրողն ու փաստաբանը

Միլաշինան և Նեմովը մեկնել են Գրոզնի՝ Զարեմա Մուսաևայի վերաբերյալ դատավճռի համար, որը պետք է կայացվեր այսօր՝ հուլիսի 4-ին։ Նա նախկին խկին դատավոր Սայդի Յանգուլբաևի կինն է և չեչեն ակտիվիստների մայր, որը մեղադրվում է ուժայինների վրա «հարձակվելու» մեջ։ Հունիսի 15-ին մեղադրող կողմը նրա համար 5,5 տարվա ազատազրկում է պահանջել։ Մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ նա Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ոխերիմ թշնամիներից մեկն է:

Այսօր կայացած դատական նիստում կինը դատապարտվել է 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

«Նովայա գազետա»-ի լրագրող Ելենա Միլաշինայի վրա հարձակում գործած անձինք կոտրել են նրա մատները, երբ պահանջել են վերջինիս հեռախոսի գաղտնաբառը, իսկ ինքը հրաժարվել է տալ այն։ Այս մասին իր Տելեգրամ-ալիքում հայտնել է Քսենյա Սոբչակը:

ծեծի ենթարկված լրագրողը

Նրա խոսքով՝ Միլաշինայի մոտ ախտորոշվել է փակ գանգուղեղային վնասվածք։ Լրագրողին ծրագրվում է Չեչնիայից տեղափոխել Վլադիկավկազ (Հյուսիսային Օսիա)։

«Նովայա գազետա»-ն էլ հայտնում է, որ Միլաշինային ու Նեմովին ոտքերով հարվածել են ու մահակներով ծեծել։ Միլաշինան մի քանի անգամ կորցրել է գիտակցությունը, նա ենթարկվել է ՄՌՏ հետազոտության, սակայն արդյունքների մասին չի հաղորդվում։ Նեմովը ոտքի կտրած-ծակած վերք ունի, սակայն նա մտադիր է մասնակցել դատական նիստին, ինչի համար կրկին կմեկնի Գրոզնի։

Հրատարակությունը հայտնում է նաև, որ խմբագրության խնդրանքով իրավիճակին միջամտել է մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։ Ըստ Team Against Torture-ի, Միլաշինան հեռախոսով խոսել է Մոսկալկովայի հետ:

Տուժածներին տեսնելու համար հիվանդանոց է եկել ոստիկան, սակայն Միլաշինան ու Նեմովը հրաժարվել են խոսել նրա հետ, քանի որ դրա մեջ իմաստ չեն տեսել:

Կադիրովը խոստացել էր բանտ Յանգուլբաևին, պատիժ՝ նրանց ընտանիքին պաշտպանողներին

Կադիրովը ավելի վաղ խոստացել էր, որ Յանգուլբաևի նախկին կինը, ինչպես նաև նրանց ամբողջ ընտանիքը այսպես թե այնպես հայտնվելու է բանտում:

«Ինչպես էլ լինի, ես հայտարարում եմ, որ այս ընտանիքըին տեղ է սպասում կա՛մ բանտում, կա՛մ ընդհատակում։ Եվ դա արդեն ինձնից կախված չէ։ Ես գիտեմ հասարակության տրամադրությունները. Քանի դեռ գոնե մեկ չեչեն ողջ է, այս ընտանիքի անդամները չեն կարողանա ազատ քայլել, վայելել կյանքը, այնքան խորը վիրավորված է մեր ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցչի պատիվը»,- որոշ ժամանակ առաջ հայտարարել է Չեչնիայի ղեկավարը։

վտարված դատավորն ու ազատազրկման դատապարտված կինը՝ Մուսաևան

Ազատազրկման դատապարտված կինը՝ Մուսաևան, իրավապաշտպաններ Աբուբաքար և Իբրահիմ Յանգուլբաևների մայրն է։ Քննիչների տվյալներով՝ նախորդ տարվա հունվարի 21-ին հերթապահ մասի մոտ նա իբր «կոպիտ և անպարկեշտ խոսքեր է ասել հերթապահ մասի դիմաց գտնվող քաղաքացիներին», «ցուցաբերել ագրեսիա, վիրավորել մարդկային արժանապատվությունը և հասարակական բարոյականությունը»։ Թաղային ոստիկանը մոտեցել է կնոջն ու ասել, որ նա օրենք է խախտում, ուստի ստիպել է խուլիգանության վերաբերյալ վարչական արձանագրություն կազմել։ Դրանից հետո, ըստ ոստիկանի, Մուսաևան հարձակվել է իր վրա, քերծել դեմքն ու ծեծել։

Չեչնիայի Գերագույն դատարանի նախկին դատավոր Սայիդի Յանգուլբաևը և նրա դուստր Ալիան անցյալ տարեվերջին լքել են Ռուսաստանը։

2022 թվականի հունվարին Չեչնիայի ոստիկանությունը ներխուժել է Նիժնի Նովգորոդի բնակարան, որտեղ ապրում էր Սայդի Յանգուլբաևը կնոջ՝ Զարեմա Մուսաևայի հետ և բռնի ուժով տարել 59-ամյա կնոջը Գրոզնի՝ հարցաքննության, որտեղ նա, իբր, խարդախության գործով վկա է։

Յանգուլբաևի ընտանիքը կատարվածն անվանել է առևանգում։ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր Տելեգրամի ալիքում պնդել է, որ Յանգուլբաևին երեք անգամ ծանուցագիր է ուղարկել՝ պահանջելով ներկայանալ Գրոզնի։

Այնուհետ Կադիրովը դիմել է Ռուսաստանի Գերագույն դատարանին՝ խնդրելով Յանգուլբաևին բացառել դատավորների շարքից, «հեռացնել նրան ռեզերվից և ամբողջությամբ ջնջել նրա անունը դատական մարմնի պատմությունից»։ Փաստացի, այդպես էլ եղել է:

Ի դեպ, դատավորի ընտանիքի նկատմամբ թշնամանք կա ամբողջ Չեչնիայի տարածքում: Պետդումայի՝ Չեչնիայինց ընտրված պատգամավոր Ադամ Դելիմխանովը, օրինակ, հայտարարել է, որ կկտրի Յանգուլբաևի հարազատների գլուխները:

«Իմացե՛ք, որ գիշեր-ցերեկ, չխնայելով մեր կյանքը, ունեցվածքն ու սերունդը, մենք ձեզ կհետապնդենք, մինչև ձեր գլուխները կտրենք և սպանենք ձեզ, ոչնչացնենք աշխարհից»,- հայտարարել է պատգամավորը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում