Բացահայտվել է հնագույն ծովախեցու իրական նշանակությունը

Բացահայտվել է հնագույն ծովախեցու իրական նշանակությունը

Ֆրանսիացի գիտնականները պարզել են, թե ինչի համար է նախատեսված եղել 1931 թվականին Ֆրանսիայի հարավ-արևմուտքում՝ Մարսուլաս քարայրում գտնված ծովախեցին, որը 18 հազար տարեկան է, գրում է Daily Mail-ը։

Թուլուզի գիտահետազոտական ինտստիտուտի գիտնականները հերքել են նախկին վարկածն այն մասին, թե նախամարդիկ այդ ծովախեցին օգտագործել են որպես ծիսական արարողությունների ժամանակ խմիչքի տարա։ Գիտնականները պարզել են, որ դրանք եղել են երաժշտական գործիքներ։ Այդ վարկածի օգտին է խոսում այն փաստը, որ ծովախեցու վրա  կան ճեղքեր՝ ակնհայտորեն արված մարդու ձեռքով, դրանցից հնարավոր է ստանալ երաժշտական հնչյուններ։ Հնագետները փորձել են և ստացել երաժշտական հնչյուններին նման ձայներ։

Գիտնականները ենթադրում են, որ այդ ծովախեցին օգտագործել են ծիսական արարողությունների ժամանակ։ Ապացույցը խեցու վրա արված կարմիր նախշերն են։ Նույնպիսի կարմիր նախշեր են արված նաև Մարսուլասի քարայրի պատերին։ Գիտնականների հավաստիացումներով՝ առաջին անգամն է, երբ հնարավոր է հնագույն, նախապատմական Եվրոպայում կապ գտնել երաժշտության հետ։ Այդ ծովախեցին ամենահին գտածոն է ոչ միայն Ֆրանսիայում, այլև ամբողջ աշխարհում, որն առնչվում է  պալեոլիթի՝ քարե դարաշրջանի առաջին փուլի հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում