Կոչ ենք անում գործուն քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշման անհապաղ իրականացումը. Փաշինյան

Կոչ ենք անում գործուն քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշման անհապաղ իրականացումը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը էական է համարում Լաչինի միջանցք ու Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը՝ միջազգային հանրության համար իրավիճակի ավելի համապարփակ ծանոթացման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսում: 

Փաշինյանը նախ շնորհակալություն հայտնեց Գերմանիայի կառավարությանը՝ Հայաստանում նոր՝ ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու կապակցությամբ: Վարչապետը համոզմունք հայտնեց, որ այդ առաքելությունն էական դերակատարություն կունենա տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման գործում: Նա անձամբ կանցլեր Շոլցին շնորհակալություն է հայտնել, որովհետև այդ որոշման կայացման գործում նրա անձնական ներդրումը շատ մեծ է: 

Փաշինյանի և Շոլցի քննարկումների առանցքային թեմաներից է եղել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակն ու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները: 

«2020թ. նոյեմբերի 9-ին հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը ջանք չի խնայել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը հասնելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար։ Ցավոք, ադրբեջանական կողմը բանակցություններին բարեխղճորեն ներգրավվելու փոխարեն շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը, սպառնում է Հայաստանի ժողովրդավարությանը` խաթարելով մեր կառավարության ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը: Այսօր ամենահրատապ խնդիրն այն է, որ Ադրբեջանի կողմից 2022թ. դեկտեմբերի 12-ից փակվել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի հետևանքով 120 հազար բնակիչներ հայտնվել են փաստացի շրջափակման մեջ»,-ասաց վարչապետը:

Նա ընդգծեց, որ Ադրբեջանի այս գործողությունները 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում են, որը ԼՂ ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի լայնածավալ և համակարգված քաղաքականության մի մասն է: 

«Կարծում ենք՝ շատ էական կարող է լինել միջազգային փաստահավաք առաքելության առաքումը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ` միջազգային հանրության համար իրավիճակի ավելի համապարփակ ծանոթացաման համար»,-նշեց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը իրավաբանորեն պարտավորեցնող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ, որով պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: 

«Կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին գործուն քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշման անհապաղ իրականացումը։ Կարևորում ենք Գերմանիայի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և համամարդկային արժեքների պահպանման երկրի հստակ դիրքորոշումը, որը կաջակցի Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերին»,-ասաց Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում