Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիան մեղմացրել է մոտեցումը. Սաֆրաստյանը մանրամասնում է՝ ինչու
«Հայկական ժամանակ»-ը թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ զրուցել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին: Հարցազրույցը ներկայացնում ենք՝ ստորև.
- Պարոն Սաֆրաստյան, վերջին շրջանում Թուրքիայից հնչող հայտարարություններից տեսանելի է, որ վերջինս որոշակիորեն մեղմացրել է իր դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում: Այս պահին Թուրքիան և Հայաստանը ունե՞ն համընկնող շահեր, և ինչո՞ւ է Թուրքիան որոշակիորեն հեռացել Ռուսաստանից:
- Թուրքիան ավելի կառուցող ու զուսպ մոտեցում է ցուցաբերում ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման բնագավառում, և սա պայմանավորված է և՛ ՀՀ-ի վերջին շրջանի վարած արտաքին քաղաքականությամբ, և՛ նաև այն ընդհանուր գործընթացներով, որ տեղի են ունենում աշխարհում: Մասնավորապես՝ Թուրքիայի համար այժմ ավելի կարևոր է դառնում համաշխարհային թատերաբեմում իր դերը, հեղինակությունը բարձրացնելը, դրա համար վերջինիս համար կարևոր է, որ տարածաշրջանում հնարավորինս իրավիճակը գնա դեպի կարգավորում, որպեսզի ինքն իր համաշխարհային ամբիցիաները կարողանա իրականացնել: Միևնույն ժամանակ, իմ ընկալմամբ, Թուրքիան սպասում է, որ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը հասնի իր ավարտին, ստորագրվի պայմանագիր, նոր դրանից հետո իրական քայլեր կձեռնարկի ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման առումով:
Մենք տեսնում էինք Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունների բավական ջերմացում, մասնավորապես՝ այն առումով, որ Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմի պարագայում Թուրքիան օգնում էր շրջանցել պատժամիջոցները, սակայն վերջին կես տարվա ընթացքում նկատվում է Թուրքիայի ռազմավարության փոփոխություն. հավանաբար ԱՄՆ ճնշման ներքո Թուրքիան սկսում է սահմանափակել համագործակցությունը ՌԴ-ի հետ: Բացի սրանից, վերջերս հրապարակվեցին տվյալներ, որոնք վկայում են՝ Թուրքիան կտրուկ նվազեցրել է գազի գնումները ՌԴ-ից: Այսինքն, կարծում եմ, որ մի կողմից Արևմուտքի, ԱՄՆ-ի ճնշումը Թուրքիայի վրա, մյուս կողմից այն, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ավելի արևմտամետ հայացքներ ունի, քան նախորդը, հանգեցնում է նրան, որ թուրք-ռուսական մերձեցումը, որ տեսնում էինք, կարծես թե թուլանում է: Սա է վկայում նաև ամիսներ առաջ հայտարարված, սակայն մինչ օրս չկայացած Էրդողան-Պուտին հանդիպումը:
- Թուրքիայի համար շարունակում է առաջնահերթություն մնալ ԵՄ-ին անդամակցելու օրակարգը, սակայն դա իրականություն չի դառնում: Ինչո՞ւ:
- Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին շատ երկար պատմություն ունի, դեռևս 1963 թվականից սկսած: Մինչև հիմա չի դարձել ԵՄ անդամ, որովհետև կան խնդիրներ, մասնավորապես՝ այն պահանջները, որ ներկայացվել է Թուրքիային, չեն կատարվել՝ կապված մարդու իրավունքների, ժողովրդավարական արժեքների հետ և այլն:
- Իսկ հայկական կողմին ձեռնտո՞ւ է Թուրքիայի՝ ԵՄ անդամ դառնալը:
- ԱՄՆ-ն և ԵՄ-ն ի սկզբանե կողմ են եղել, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, որը ԱՄՆ արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրներից մեկն է, ինչին Թուրքիան խոչընդոտել է. ՀՀ-ն միշտ կողմ է եղել առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, Թուրքիան նախապայմաններ է առաջ քաշել: Այժմ քանի որ տեսնում ենք, որ Թուրքիան ավելի է հակվում դեպի Արևմուտք, կարծում եմ՝ ամերիկյան ճնշումը Թուրքիայի վրա ուժեղանում է այս առումով, Թուրքիայի դիրքորոշումը՝ հարաբերությունները ՀՀ-ի հետ կարգավորելու հետ կապված, դառնում է ավելի կառուցողական: Թուրքիան այսպես ազդակներ է ուղարկում Արևմուտքին, ԱՄՆ-ին, որ ինքը հակվում է ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելուն: Պետք է սպասել ու տեսնել՝ Թուրքիայի կողմից իրական քայլեր կլինե՞ն, թե՞ ոչ: Կարծում եմ՝ մինչև ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագիր չստորագրվի, ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու առումով Թուրքիան ոչ մի քայլ չի անի, պայմանագրի ստորագրումից հետո կարելի է սպասել ինչ-որ քայլերի:
-Ինչո՞ւ է այդքան կարևոր Ադրբեջանի հետ պայմանագիրը Թուրքիայի համար:
- Կարևոր է, որովհետև, ըստ Թուրքիայի, այդ պայմանագիրը պետք է իրավական հիմք տա, լեգիտիմացնի այն իրավիճակը, որ ստեղծվել է մեր տարածաշրջանում 44-օրյա պատերազմից հետո: Նաև չպետք է մոռանալ, որ Թուրքիայի համար տարածաշրջանն է հետաքրքիր, իսկ տարածաշրջանում Թուրքիայի դիրքը գնալով ուժեղացնում է:
- Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը և սահմանի բացումը ի՞նչ կտա Հայաստանին:
- Ես մաս եմ եղել տարբեր քննարկումների, որոնց ընդհանուր եզրակացությունն այն է, որ ՀՀ-ի համար Թուրքիայի հետ սահմանի բացումը շատ կարևոր է, մեզ շատ օգուտներ կբերի, իհարկե, որոշակի ռիսկեր էլ կան, որոնք կառավարելի են: ՀՀ-ն ավելի է շահագրգռված Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու առումով, քան թե Թուրքիան, որովհետև Հայաստանի համար դա հնարավորություն է բացելու դեպի աշխարհ, իսկ Թուրքիայի համար ՀՀ-ն, որպես այդպիսին, տնտեսական առումով հետաքրքրություն չի ներկայացնում, շատ փոքր է որպես շուկա, ռազմական առումով էլ վտանգ չի ներկայացնում: Դրա համար թուրքական վերնախավի մոտեցումը եղել է հետևյալը, որ Հայաստանը ավելի շատ է շահագրգռված հարաբերությունների կարգավորման առումով ու դրա համար որոշակի գին պետք է վճարի:
- Այդ գինը կարո՞ղ է լինել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքումը:
- Այո, այսօրվա դրությամբ առաջին նախապայմանը դա է:
- Պարոն Սաֆրաստյան, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված հասարակության որոշ հատվածը բացասական վերաբերմունք ունի: Ինչպե՞ս է հնարավոր հաղթահարել այն:
- Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը պետք է ուսումնասիրվի և բացահայտվի, սակայն դա չպետք է խոչընդոտի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Եթե հարաբերությունները կարգավորվեն, հետո բոլոր խնդիրները հնարավոր է ավելի նորմալ ձևով քննարկել և լուծել: Խոսք չի կարող լինել այն մասին, որ Հայաստանը և հայ ժողովուրդը մոռացության տա Հայոց ցեղասպանությունը կամ բարեկամանա Թուրքիայի հետ, խոսքը հարաբերութունների կարգավորման մասին է:
Կարծիքներ