Քրդերը կորցնում են սեփական պետությունն ունենալու հույսը․ The Economist
The Economist ամսագրում լույս տեսած հոդվածի համաձայն` 4 տարբեր երկրում ապրող 30 միլիոն քրդերը կորցնում են անկախ պետություն ունենալու հույսը և փորձում են ինքնավարության տարբեր աստիճաններ ձեռք բերել իրենց բնակության վայրերում։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո Քուրդիստանի գաղափարը հետին պլան գնաց, քանի որ 1923 թվականին ստորագրված Լոզանի պայմանագրով սահմանվեցին ժամանակակից պետությունների սահմանները։ Սակայն քրդերի միավորվելու երազանքն առ այսօր կա։
Թուրքիայի քրդերը զգալի քաղաքական ազդեցություն ունեն։ Այստեղ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-ը խորհրդարանում փորձում է պահպանել քրդերի քաղաքական իրավունքները։
«Քուրդիստանի բանվորական կուսակցություն»-ն էլ, իր հերթին, անդադար բախումների մեջ է Թուրքիայի իշխանության հետ։ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կոշտ ճնշումների է ենթարկում քրդական կուսակցության անդամներին՝ ձերբակալվել են կուսակցության երկու նախկին համանախագահները, մի քանի նախկին պատգամավորներ, կուսակցության գրեթե բոլոր քաղաքապետերը, ինչպես նաև բազմաթիվ անդամներ։
Ինչ վերաբերվում է Իրաքում և Սիրիայում ապրող քրդերին,ապա նրանք որոշակի ինքնավարություն ունեն։ Իրաքի հյուսիսային Քուրդիստանի շրջանը պաշտոնական ճանաչում ունի՝ հակառակ նրան, որ «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» նախաձեռնությամբ 2017 թվականին անցկացված անկախության հանրաքվեից հետո տարածքի մեկ երրորդն անցել է Իրաքի կենտրոնական իշխանությանը։
Սիրիայում քրդերը փաստացի ինքնավար գոտի են ձևավորել 2011 թվականին երկրում սկսված պատերազմից հետո։ Կռվելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ՝ քրդերը շահել էին Արևմուտքի համակրանքը և մի քանի տարի ապրում էին համեմատական խաղաղության պայմաններում՝ իրենց կողմից «Ռոջավա» (Արևմուտք) անվանվող տարածքում։ Սակայն ավելի ուշ՝ 2018 թվականին, թուրքական զորքերն ու Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիացի զինյալները ռազմական գործողություններ են սկսել քրդերի դեմ և վերահսկողություն հաստատել մի շարք քաղաքների վրա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վճռականորեն մերժում է քրդական պետություն հիշեցնող ցանկացած երևույթ՝ վախենաով, որ դա կքաջալերի «Քուրդիստանի բանվորական կուսակցության»-ը։
Իրաքի քրդական տարածքներն ավելի ապահով են քան երկրի մյուս մասերն ու ավելի արագ են զարգանում, Սիրիայի քրդաբնակ տարածքները նույնպես ավելի լավ պայմաններում են գտնվումՙ քան կենտրոնական իշխանության հսկողության տակ գտնվող շրջանները, սակայն այս երկու շրջաններում էլ ներքին վեճեր և կոռուպցիա կա։ Ամսագիրը նշել է, որ ներքին պառակտումը քրդերի ամենավատ թշնամիներից մեկն է։
Կարծիքներ