Համաշխարհային օվկիանոսը 2022-ին նոր ռեկորդ է սահմանել կլանված ջերմության քանակով

Համաշխարհային օվկիանոսը 2022-ին նոր ռեկորդ է սահմանել կլանված ջերմության քանակով

Կլիմայագետների միջազգային հանրությունը հանգել է այն եզրակացության, որ 2022 թ.-ին Համաշխարհային օվկիանոսի ջրերի վերին շերտերում կուտակված ջերմության քանակն աճել է մինչև 255 զետաջոուլ ռեկորդային մակարդակի, ինչը 10,9 զետաջոուլով ավելի է, քան 2020 թ.-ին։ Աշխատությունը հրապարակվել է Advances in Academic Science հանդեսում։ Այս մասին գրում Է ՏԱՍՍ-ը:

Համաշխարհային օվկիանոսը, ինչպես այսօր կարծում են կլիմայագետները, առայժմ մնում է կլիմայական փոփոխությունների հիմնական բնական արգելակը: Նախաարդյունաբերական դարաշրջանից սկսած՝ նրա ջրերը կլանում են ջերմության մոտ 90%-ը և արդյունաբերական ձեռնարկությունների, ավտոմոբիլների և այլ աղտոտիչների արտանետած ածխաթթու գազի մոտ մեկ երրորդը:

Այս գործընթացը ոչ միայն արգելակում է կլիմայի փոփոխությունը, այլև կարող է արմատական փոփոխություններ առաջացնել ծովերի էկոհամակարգերում։ Հետազոտողներն ուսումնասիրել են Համաշխարհային օվկիանոսի վերին մասում ջերմային էներգիայի կուտակման գործընթացը նախորդ դարի կեսերից մինչև 2022 թ.-ը։

Դրա համար նրանք օգտագործել են կլիմայական մոդելներ և տվյալներ, որոնք հավաքել են 3 հազար վերջրյա և ստորջրյա ազդալողանները, ինչպես նաև հսկման ավտոմատ կայանները՝ Argo օվկիանոսագրական ծրագրի շրջանակներում: Հաշվարկները ցույց են տվել, որ արտանետումների ծավալի նվազումը, որը կապված Էր COVID-19-ի համավարակի և համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ, Համաշխարհային օվկիանոսին չի խանգարել հերթական ռեկորդը սահմանել իր ընդերքում կուտակած ջերմության քանակով։

Անցյալ տարի այն կլանել է շուրջ 10,9 զետաջոուլ էներգիա, ինչը մոտ 1,5 անգամ գերազանցում է վերջին 40 տարվա ընթացքում տարեկան միջին ցուցանիշները: Պրոֆեսոր Չեն Լիցզինի և նրա գործընկերների գնահատումներով՝ դիտարկումների ամբողջ ընթացքում օվկիանոսը կլանել է ավելի քան 400 զետաջոուլ ջերմություն, ընդ որում՝ այդ ջերմության մոտ կեսը կենտրոնացած է օվկիանոսի վերին շերտերում, որտեղ մինչև 2022 թ.-ի վերջը կուտակվել է ավելի քան 255 զետաջոուլ ավելցուկ էներգիա:

Ինչպես նշում են հետազոտողները, ջերմության կուտակումը Համաշխարհային օվկիանոսի ընդերքում հանգեցնում է ոչ միայն դրա տաքացմանը, այլև նրա ջրերում աղի պաշարների վերաբաշխմանը՝ մերձմակերևութային և խորքային հոսանքների բնույթի և արագության փոփոխության հետևանքով:  Մասնավորապես, ջրոլորտի ամենաաղի շրջանները, որոնք գտնվում են Միջերկրական ծովում, արևադարձային Ատլանտյան օվկիանոսում և Հնդկական օվկիանոսի արևմուտքում, 2022 թ.-ին 0,13%-ով ավելի աղի են դարձել 20-րդ դարի վերջի համեմատությամբ:

Նմանապես, ջրոլորտում ջերմության կուտակման հետևանքով Համաշխարհային օվկիանոսի՝ աղով ամենաաղքատ ջրերը՝ Գրենլանդիայի ափերի մոտ և Եվրոպայի արևմտյան ափերին, դարձել են ավելի քաղցրահամ։

Համաշխարհային օվկիանոսում աղի նման վերաբաշխումն արդեն առաջիկա տարիներին կարող է հանգեցնել հոսանքների շարժման բնույթի լուրջ փոփոխությունների, ինչը կարող է չափազանց բացասական ազդեցություն ունենալ մոլորակի կլիմայի վրա, ամփոփել են հետազոտողները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում