Սայլակից ոտքի կանգնած տղաները քոչարի են պարում. «Զինվորի տունը» պրոթեզարան ունի
Կարմիր գորգին մերօրյա հերոսներն են: Նրանց բոլորին օգնել են ոտքի կանգնել «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում»:
Սայլակից վեր կացած, ձեռնափայտից հրաժարված կամ թեկուզ դեռ ձեռնափայտով՝ տղաների քայլքը դեպի մայրերն է: Իրենց մայրերին ծաղիկներ են տանում Բժշկական համալսարանի ուսանողների ուղեկցությամբ:
«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնն» իր գործունեության երրորդ տարում այսօր նոր էջ բացեց: Այսուհետև կենտրոնը նաև պրոթեզարան կունենա:
Արմեն Մուրադյան, ԵՊԲՀ ռեկտոր - Հաջողության գրավականը, վստահությունից բացի, այն հավատն է, որ անում ես անհրաժեշտ, ազգանվեր և մնայուն աշխատանք:Եվ սա հաղթանակների շղթայի մի փոքրիկ մասն է, որով ձևավորվում են մեծ հաղթանակները: Այսօր տղաների մոտ հաղթանակ է, իրենք քայլելու են, այսօր հաղթանակ է զինվորի տանը:
Մինչև պրոթեզարանի բացումը զինվորների պրոթեզավորման գործընթացն արդեն սկսվել էր և 28 զինվոր արդեն ոտքի է կանգնել Նիդեռլանդներից Հայաստան ժամանակ մասնագետի օգնությամբ:
Շնորհակալագրեր են հանձնվում բոլոր այն մարդկանց, որոնք աջակցել են պրոթեզարանի ստեղծման գաղափարին, ստեղծմանը, սարքավորումների ձեռքբերմանն ու մասնագետների հարցում:
Պրոթեզարանի բացումը հնարավոր է դարձել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդեռլանդների «Հայաստան» և «Իմ քայլը» հիմնադրամների, Բժշկական համալսարանի, բազմաթիվ այլ կազմակերպությունների ու անձանց ջանքերով և աջակցությամբ:
Հայկուհի Մինասյան, «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի» տնօրեն - Մարդիկ 3 ամսում չեն հասցնում տուն վերանորոգել, մենք վերանորոգեցինք պատմամշակութային հուշարձան, հիմնանորոգեցինք մոտ 700 քմ և այսօր, փառք Աստծո, հասցրինք: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, այն կազմակերպություններին, որոնք գիշերով բացում էին դռները, տալիս էին պակասող գույքը:
Հիմնադիրներն ասում են՝ այս շենքի ճակատագիրը կրկնվում է: Ինչպես 100 տարի առաջ ամբողջ հայ ժողովուրդը համախմբվել է ու կառուցել այս շենքը, որը դարձել է Երևանի առաջին հիվանդանոցը, այսօր այն «Զինվորի տուն» է դարձել, որտեղ համայն հայության ջանքերի ու միջոցների միավորման արդյունքում անում են ամեն ինչ, որ հայ զինվորը ոտքի կանգնի, արժանապատիվ կյանք ունենա:
Հայկակ Արշամյան, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն - Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն նվիրատուներին, ովքեր ներդրում ունեցան և շարունակում են ունենալ, որովհետև պրոթեզավորման գործընթացն ամենակարևոր կետերից մեկն է՝ պատերազմի հետևանքները հաղթահարելու ուղղությամբ: Այս գումարները մեծամասամբ հավաքվել են Նիդեռլանդներում, Բելգիայում և Միացյալ նահանգներում:
Բոլոր այդ երկրներից հովանավորներն ու աջակիցները հատուկ այս օրվա համար ժամանել էին Հայաստան:
Գարիկ Խաչատրյան, Պրոթեզավորող, Նիդեռլանդներ - Բոլորս միասին արեցինք, որովհետև ես կարող եմ միտքն ունենալ, ես կարող եմ նախագիծն անել, բայց ֆինանս չլինի, շենք չլինի, գործող պրոֆեսիոնալ թիմ չլինի և այսպիսի տղաներ չլինեն:
Շնորհակալությունները հովանավորներինն ու աջակիցներինն էին, բայց բոլոր խոնարհումները՝ հայրենիքի պաշտպաններինը: Ինչ էլ որ անենք, ձեր արածին համարժեք չի լինի՝ ասում էին զինվորներին:
Վահրամ Դումանյան, ՀՀ ԿԳՄՍ նախարար - Մենք հավերժ պարտական ենք Ձեզ: Այս կենտրոնի բացումը նվազագույն երախտագիտություն է:
Անահիտ Ավանեսյան, ՀՀ առողջապահության նախարար - Բոլորս պարտք ունենք մեր երկրի առջև՝ ամեն մեկս մեր ոլորտում և պիտի անենք առավելագույնը:
«Զինվորի տան» պրոթեզարանի բացումն արդեն իր խորհրդանիշն ունի՝ հաղթական քոչարի: Փորձությունները հաղթահարած, մահվանը հաղթած, «Զինվորի տանը» սայլակից ոտքի կանգնած տղաներն արդեն քոչարի են պարում:
Կարծիքներ