Սողուններն ակտիվացել են. ի՞նչ պետք է անել օձի խայթոցի դեպքում
ԱԻ պետական ծառայությունը հիշեցնում է, որ պայմանավորված եղանակի կտրուկ տաքացմամբ՝ տարվա այս սեզոնին ակտիվանում են սողունները, հայտնվում անգամ բնակարաններում: Քանի որ թունավոր օձերի դեմ պայքարը համալիր մոտեցման խնդիր է, ուստի ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հորդորում են զգույշ լինել:
Ոչ թունավոր օձի խայթոցի դեպքում անհրաժեշտ է լվանալ վերքը և ծածկել մանրէազերծ վիրակապով։
Թունավոր օձի խայթոցի դեպքում մեծ նշանակություն ունի ժամանակին ցուցաբերված առաջին օգնությունը։
Օձի կծելուց հետո առաջին 5 րոպեի ընթացքում պետք է սեղմել խայթած հատվածի շուրջը, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից։ Այս գործողությունը թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը։ Սեղմելը դադարեք, երբ վերքից այլևս արյուն դուրս չգա։
Հանգստացրեք տուժածին, սա առաջին նախապայմանն է, քանի որ նյարդային, գրգռված վիճակն արագացնում է արյան շրջանառությունը` նպաստելով մարմնում թույնի տարածմանը։
Հանեք բոլոր զարդերը և ճնշող իրերը։ Եթե օձը խայթել է վերջույթը ապա անշարժացրեք այն և պահեք սրտի մակարդակից ցածր։
Սահմանափակեք տուժածի շարժումները, նստեցրեք կամ պառկեցրեք նրան։ Շատ կարեւոր է ահազանգը կամ տուժածի արագ տեղափոխումը հիվանդանոց, սակայն դա պետք է անել առանց խուճապի մատնվելու՝ բացառելով տուժածի ցանկացած շարժում։ Այդ ընթացքում տուժածին խմեցրեք մեծ քանակությամբ հեղուկներ` ջուր, հյութ, թեյ, թան և այլն։
ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է լինել զգոն և սողունների սեզոնային ակտիվացումը չդիտարկել որպես մեծ վտանգ:
Օգնության հեռախոսահամարներ-911,101,112
Կարծիքներ