Ինչպե՞ս է սնունդը մեզ սպանում. Ի՞նչ պետք է իմանալ սննդային ալերգիաների և անտանելիության մասին
Զարգացած երկրներում մարդկանց մոտ մեկ երրորդն ասում է, որ օրգանիզմը բացասաբար է արձագանքում որոշակի սննդի: Միևնույն ժամանակ, շատերն ինքնուրույն են կատարում այս ախտորոշումը և միշտ չէ, որ այն իրական սննդային ալերգիայի կամ անհանդուրժողականության խնդիր է: Ինչպես են դրանք տարբերվում միմյանցից և ինչու է վտանգավոր բացառել սննդակարգից որևէ սննդամթերք՝ առանց իրական անհրաժեշտության։
Մարդիկ տարբեր պատճառներով հրաժարվում են որոշակի սննդատեսակներից։ ՄԻ մասն իսկապես արդարացված է և կա հաստատված ախտորոշում և մասնագետի կողմից նշանակված դիետա կամ որոշակի սահմանափակումներ։ Սակայն շատ հաճախ մարդիկ զոհ են դառնում նաև մոդայիկ դիետաների՝ վնասելով միաժամանակ և առողջությանը, և գրպանին, քանի որ այդպիսի դիետաները սովորաբար նաև շատ թանկ են։ Արդյո՞ք բոլոր չափահաս մարդիկ անտանելիություն ունեն գլյուտենի կամ լակտոզայի նկատմամբ։ Արդյո՞ք գլյուտենն այդքան վնասակար է և նույնիսկ կախվածություն է առաջացնում, թե սրանք հիմնականում միֆեր են։
Նախ հասկանանք՝ ի՞նչ է սննդային ալերգիան և ինչպե՞ս հասկանալ, որ ունեք ալերգիա որոշակի մթերքից։
Սննդային ալերգիան մեր օրգանիզմի իմունային համակարգի ռեակցիան է որոշակի սննդամթերքի։ Մեր իմունային համակարգը տվյալ մթերքի սպիտակուցները համարում է վտանգ մեր օրգանիզմի համար և սկսում պայքարել դրանց դեմ։ Ալերգիան կարող է արտահայտվել տարբեր կերպ՝ մաշկային ցանի, աղեստամոքսային համակարգի խանգարումների կամ անաֆիլակտիկ շոկի ձևով։
Ախտորոշման համար կան մեթոդներ, որոնք սակայն պետք է վստահել միայն մասնագետին և ոչ մի դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել։
Բացի ալերգիաներից գոյություն ունի նաև որոշակի սննդատեսակի անտանելիություն, որի դեպքում ոչ թե մեր իմունային համակարգի պատասխանն է առաջացնում բացասական ռեակցիա, այլ օրինակ որոշակի ֆերմենտի բացակայությունը կամ պակասը։
Չնայած նրան, որ ալերգիան և սննդային անտանելիությունը կարող են առաջացնել որոշակի առողջական խնդիրներ, առանց մասնագետի ախտորոշման հրաժարվել տարբեր մթերքներից չի կարելի, քանի որ դրանք պարունակում են մարդու առողջության համար անհրաժեշտ նյութեր։
Կարծիքներ