Ածխաթթու գազի արտանետումները կարող են վերադառնալ մինչհամավարակային մակարդակի դեռ 2021 թ.-ին
Ջերմոցային գազերի արտանետումները 2021 թվականին կաճեն մոտ 5%-ով։ Այսպիսով, դրանք կհասնեն այն մակարդակին, որը եղել է մինչև COVID-19- համավարակի սկիզբը։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ հետազոտության արդյունքները հրապարակել է Earth System Science Data գիտական ամսագիրը։
«2021 թվականին արտանետումների արագ վերադարձը նախկին մակարդակին ցույց է տալիս, որ մենք վերադարձել ենք հին ածխաջրածնային տնտեսություն: Կանաչ ոլորտում ներդրումները, որոնք ներառված էին համաճարակից հետո շատ երկրների տնտեսությունների վերականգնման ծրագրերում, ակնհայտորեն բավական չէին արտանետումների կտրուկ աճից խուսափելու համար», – ասել է հետազոտության հեղինակներից մեկը, Էքսետերի համալսարանի պրոֆեսոր Պիեռ Ֆրիդլինգշտեյնը։
Կորոնավիրուսային վարակի տարածմամբ պայմանավորված սահմանափակումների պատճառով կտրուկ նվազել էին արդյունաբերական արտադրության, ավտոմոբիլային երթևեկության և ջերմոցային գազերի բազմաթիվ այլ աղբյուրների ծավալները։
Անցյալ ամառվա առաջին գնահատականները ցույց էին տվել, որ ջերմոցային գազերի արտանետումները նվազել են մոտ 17%-ով՝ համեմատած 2019 թվականի ձմռան և վաղ գարնան հետ: Նախնական գնահատականներով՝ ամբողջ 2020 թվականին ածխաթթու գազի տարեկան արտանետումների զանգվածը նվազել է մոտ 2,4 մլրդ տոննայով (7%)։ Մինչ այժմ սա ամենամեծ անկումն է դիտարկումների ողջ պատմության մեջ։
Սակայն գիտնականները պարզել են, որ այս կտրուկ անկումը միայն ժամանակավոր է: Նրանց հաշվարկներով՝ 2021 թվականին արտանետումները կաճեն գրեթե 5 տոկոսով, այսինքն՝ մարդկությունը կվերադառնա մինչհամավարակային մակարդակին։
Ինչպես նշում են գիտնականները, այս աճի զգալի մասը բաժին կընկնի այն չորս երկրներին, որոնց հետ կապված են ջերմոցային գազերի արտանետումների ամենամեծ ծավալները։ Մասնավորապես, արտանետումներն ԱՄՆ-ում և ԵՄ-ում այս տարի կավելանան մոտ 7,6%-ով, իսկ Չինաստանում և Հնդկաստանում՝ 4%-ով և 12,6%-ով։ Աշխարհի այլ երկրներում արտանետումները զգալիորեն չեն փոխվի. ըստ գիտնականների՝ դրանք չեն գերազանցի 2019 թվականի մակարդակը։
Ըստ Ֆրիդլինգշտեյնի և նրա գործընկերների՝ արտանետումների նման արագ վերադարձը նախկին մակարդակներին կասկածի տակ է դնում այն փաստը, որ մարդկությունը 21-րդ դարի վերջում կկարողանա գլոբալ տաքացումը պահել 1,5 °C մակարդակի վրա:
Կարծիքներ