ԱՄՆ դեսպանատունը կրկին հորդորում է ամերիկացիներին լքել Ուկրաինան և առաջարկում է տարհանման ուղիներ
ԱՄՆ դեսպանատունը կրկին հորդորել է իր քաղաքացիներին լքել Ուկրաինան և հրապարակել ճանապարհային քարտեզ՝ Ուկրաինայից հեռանալու այլընտրանքային ուղիների, երկրների ցանկով։ Այս մասին ասվում է ամերիկյան դեսպանատան կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Ուկրաինայում անվտանգության իրավիճակը մնում է անկանխատեսելի՝ ռուսական ռազմական գործողությունների սպառնալիքների պատճառով և կարող է վատթարանալ առանց նախազգուշացման: Ուկրաինայում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է մտածեն անհապաղ հեռանալու մասին՝ օգտագործելով առևտրային կամ այլ մասնավոր մեքենաներ: Կից՝ տեղեկատվությունն այն մասին, թե Պետդեպարտամենտը ինչ կարող է և ինչ չի կարող անել ճգնաժամային իրավիճակում»,- նշել են դեսպանատանից:
Տարհանման ուղիները տեղադրված են այսպես. Մեկնումներն առաջարկվում են Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի տարածքների միջոցով:
Միաժամանակ նշում է արվում, որ Մերձդնեստրի տարածքով հնարավոր չէ ճանապարհորդել։ Սակայն նշվում է, որ Կիևում ԱՄՆ դեսպանատունը շարունակում է բաց մնալ։
«Դեպարտամենտը խնդրում է Ուկրաինայում գտնվող ԱՄՆ բոլոր քաղաքացիներին լրացնել առցանց ձևաթուղթը, որպեսզի մենք կարողանանք անհրաժեշտության դեպքում կապվել ձեզ հետ: Սա հատկապես կարևոր է, եթե նախատեսում եք մնալ Ուկրաինայում: Վերջապես, ինչպես նշվեց մեր նախորդ գրառման մեջ, կոմերցիոն թռիչքները հասանելի են Ուկրաինայի միջազգային օդանավակայաններից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ, բացի ԱՄՆ-ից, հայտարարել էին նրանց դիվանագետներից մի քանիսի և նրանց ընտանիքների տարհանման մասին Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Կանադան, Ճապոնիան: Ուկրաինայի իշխանությունները նման որոշումը վաղաժամ են համարում և դրա իրական պատճառ չեն տեսնում:
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան կարծում է, որ դրանք «բարդ դիվանագիտական խաղին բնորոշ նրբություններ են»։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայից մի շարք երկրների դիվանագետների տարհանումը դեռ չի նշանակում երկրում իրավիճակի անխուսափելի սրում։ Նա նույնիսկ արտահերթ հանդիպում է անցկացրել Ուկրաինայում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ և հորդորել չլքել երկիրը։ Զելենսկին ասել է, որ տագնապը բարձրացնելը ոչ պակաս կորուստներ է պատճառում Ուկրաինային, քան ռազմական գործողությունները։
Հիշեցնենք՝ վերջին ամիսներին արևմտյան երկրներում, ինչպես նաև Կիևում հայտարարություններ են հնչում Ռուսաստանի՝ Ուկրաինա հնարավոր ներխուժման մասին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը դատարկ և անհիմն լարվածության սրացում էր անվանել։ Նա ընդգծել էր, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ, Պեսկովը չէր բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը և զգուշացրել, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը կարգավորելու համար ուժի կիրառման փորձերը ամենալուրջ հետևանքներն են ունենալու։
ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը, Արևմտյան տասնյակ երկրներ ու միջազգային կառույցներ, սակայն, պնդում են ճիշտ հակառակը:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանը հանդես եկավ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ իրավականորեն պարտավորեցնող փաստաթղթեր կնքելու նախաձեռնությամբ՝ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից Ուկրաինայի տարածքի շարունակվող, ինչպես կարծում է Մոսկվան, «ռազմական զարգացման» հետ։ Կողմերը բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել, այդ թվում՝ անձնական հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև, որի ժամանակ ՌԴ ԱԳ նախարարը կրկնել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Ուկրաինայի վրա։
Կարծիքներ