Քննարկվել են Հայաստան–ԵՄ գործընկերության հեռանկարները

Քննարկվել են Հայաստան–ԵՄ գործընկերության հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցել է Լյուքսեմբուրգ և Բրյուսել կատարած աշխատանքային այցին։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Այցի ընթացքում հանդիպումներ են կայացել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Քսավիե Բեթելի, Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Ռաֆայել Ֆիտոյի, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանի, ինչպես նաև Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Նադիա Կալվինոյի և փոխնախագահ Թերեզա Չերվինսկայի հետ։

Հանդիպումներում ընդգծվել է Հայաստան–ԵՄ քաղաքական երկխոսության նոր՝ առավել ինտենսիվ փուլ մտնելու կարևորությունը։ Քննարկվել են Հայաստան–ԵՄ գործընկերության հեռանկարները, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման ընթացքը, վիզաների ազատականացման գործընթացը, թվայնացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև ԵՄ «Դիմակայունության և աճի պլանի» շրջանակներում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությունները։ Կարևոր դեր է տրվել նաև Հայաստան–ԵՄ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը, առևտրի դիվերսիֆիկացմանը, որակի ենթակառուցվածքների զարգացմանը և ներդրումային ծրագրերին։

Զրուցակիցները կարևորել են Հայաստանի ներգրավվածությունը տարածաշրջանային նախաձեռնություններում՝ հատկապես Սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ ԵՄ նոր ռազմավարական մոտեցման համատեքստում։

Փոխվարչապետ Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և դրա տարածաշրջանային և տնտեսական ազդեցությունը, ինչպես նաև ընդգծել է դրա կապը ԵՄ Global Gateway ռազմավարության և տարածաշրջանում կայունության ու զարգացման խթանման հետ:

Այցի շրջանակում Լյուքսեմբուրգում՝ Եվրոպական ներդրումային բանկի գլխամասային գրասենյակում, կայացել է «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» 50 մլն եվրո վարկային համաձայնագրի ստորագրման արարողությունը, որը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան։

Ծրագիրն ուղղված է Սյունիքի մարզի տնտեսական զարգացմանն ու ենթակառուցվածքների բարելավմանը՝ ջրամատակարարման, առողջապահության և կրթության ոլորտներում, ինչպես նաև տեղահանված անձանց և ընդունող համայնքների կարիքների բավարարմանը և արժանապատիվ կենսապայմանների ստեղծմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում