Ընդդիմությունը կատարյալ բանկրոտի մեջ է, նրանք ուզում են՝ Հայաստանը լիներ մարիոնետ պետություն. Կոնջորյան

Ընդդիմությունը կատարյալ բանկրոտի մեջ է, նրանք ուզում են՝ Հայաստանը լիներ մարիոնետ պետություն. Կոնջորյան

«Եթե ձեզ հետաքրքիր է, թե ինչպես անցկացրեց ընդդիմությունն ամառային արձակուրդները, երկար մտածելու կարիք չկա, որովհետև քիչ առաջ տեսանք՝ որևէ նոր բան չեն սովորել մեր գործընկերները»:

Այս մասին ԱԺ նիստում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների ելույթներին: 

«Նույն տեքստերը, հին, չարչրկված, մաշված տեքստերը. ընդդիմությունը գտնվում է կատարյալ բանկրոտի մեջ: Հատկապես օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած կարևորագույն պատմական իրադարձություններից հետո ընդդիմությունը նորից պիտի փորձի երգել հին երգերը:

Հիշեցնեմ, որ այն մարդիկ, որոնց մասին խոսում էին մեր գործընկերները, մեղադրվում են ահաբեկչություն կատարելու համար: Ահա այս մարդկանց մասին էր խոսում ընդդիմությունը հերթական անգամ իր հին ու տափակ տեքստերի արտաբերմամբ»,- նշել է Կոնջորյանը և թվարկել, թե ինչ կլիներ, եթե այդ «ահաբեկչության փորձը» հաջողվեր:

Ըստ Կոնջորյանի՝ առնվազն չէր լինի օգոստոսի 8-ը, առնվազն չէր նախաստորագրվի Խաղաղության պայմանագիրը, առնվազն չէր ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը, ըստ որի՝ ճանապարհներն ապաշրջափակվելու են հինգ սկզբունքների վրա:

«Հայաստանում և տարածաշրջանում գործում է խաղաղություն, և այն առավել քան իրատեսական է։ Չէր լինի այս ամենը․ ակնհայտ է չէ՞, որ այդ ահաբեկչության փորձն այն բանի համար էր, որ խաղաղության օրակարգը տապալվեր, որ Հայաստանում տեղի ունենար զինված հեղաշրջում, որ Հայաստանը դառնար մարիոնետային պետություն, և ընդդիմությունից որևէ մեկն էլ դառնար այդ մարիոնետը․ ամբողջ պայքարը դրա մասին էր, և այդ պայքարը ձախողվել է»,- ասել է Կոնջորյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում